Անկարան պատրաստ է կոշտ քայլերի՝ հանուն Բաքվի հետ ռազմավարական դաշինքի պահպանման․ Պյոտր Կոլչին
26 Հոկտեմբերի 2026, 22:40
Քաղաքագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ին մեկնաբանել է Էրդողանի խորհրդականի պաշտոնանկությունն Ադրբեջանում հիջաբի արգելքի մասին հայտարարության պատճառով։
«Ընդհանուր առմամբ, Անկարայի այսպիսի կոշտ արձագանքը վկայում է այն մասին, որ Էրդողանը մտադիր է ուժեղացնել, առնվազն տեղեկատվական և դիվանագիտական մակարդակներում, Ալիևին ցուցաբերվող աջակցությունը՝ բողոքի ցույցերի պայմաններում։
Ադրբեջանում այս թեման բավական հակասական է, քանի որ Էրդողանը, ինչպես հայտնի է, հենվում է կրոնական հարցերի վրա և դրանք ակտիվորեն շահարկում՝ իր ընտրազանգվածի որոշակի հատվածին համախմբելու նպատակով։ Սակայն Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանումը, բնականաբար, նրա համար առաջնահերթություն է։ Ցանկացած տեղեկատվական առիթ, որը կարող է ծառայել Ալիևի մրցակիցների շահերին, նա իր մակարդակով կփորձի ճնշել», — նշել է քաղաքագետը։
Փորձագետի խոսքով՝ Էրդողանը կրոնական հարցերին մոտենում է խիստ պրագմատիկ, իսկ Ադրբեջանը նրա համար ռազմավարական նշանակություն ունի՝ որպես դեպի Ասիա տանող դարպաս։
«Պաշտոնանկությունը կոշտության և վճռականության որոշակի ազդակ է։ Այն նաև վկայում է, որ Թուրքիայի ներկայացուցիչներին ավելի լավ է զերծ մնալ Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ցույցերի վերաբերյալ հայտարարություններից։
Սա առաջնահերթությունների հստակեցում է և ցույց է տալիս, որ միջազգային ասպարեզում Էրդողանը կրոնական հարցերին մոտենում է խիստ պրագմատիկ։ Ադրբեջանը նրա համար ռազմավարական նշանակություն ունի՝ որպես դեպի Ասիա տանող դարպաս, ինչպես նաև առևտրային ենթակառուցվածքի կարևոր օղակ, որը Հայաստանի տարածքով Թուրքիան կկապի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ՝ հետագայում ընդհուպ մինչև Չինաստան հասնելու հեռանկարով։
Հանուն այդ ռազմավարական ակտիվի պահպանման՝ Անկարան պատրաստ է դիմելու կոշտ քայլերի», — ասել է Կոլչինը։