Անկեղծ եմ ասում՝ Թեհրանում «Նիկոլ դավաճան» վանկարկումներն ինքնաբուխ էին. Շահնազարյան

Թեհրանում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ առավոտյան արարողակարգային միջոցառման ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչները սուլոցներով և «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով են դիմավորել Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանին:

Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ:

««Նիկոլ, դավաճան» վանկարկումները եղել են ինքնաբուխ, ոչ ոք չի կազմակերպել: Ես սա հայտարարում եմ որպես այս համայնքի ներկայացուցիչ: Սա արդյունքն է այն պառակտիչ քաղաքականության, որը վարում են գործող իշխանությունները: Նրանք պառակտում են մտցնում թե՛ Հայաստանում բնակվողների, թե՛ Սփյուռքում բնակվողների միջև, և ոտնատակ տալիս այն ամենն, ինչը հայ ժողովրդի համար արժանապատվության հարց է»,- նշել է Շահնազարյանը:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանի գործող իշխանության պատճառով է, որ դրսում տուժում է նաև դիվանագիտական կազմը:

«Ցավալի է, երբ տեսնում ես, ինչպես են հայ մարդուն խանգարում մոտենալ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողին, բայց սա գործող իշխանության քաղաքականության անմիջական հետևանքն է: Իշխանությունները քամի են ցանել և փոթորիկ են հնձում: Եվ այս ամենից տուժում է նաև դիվանագիտական կազմը»,- եզրափակել է Շահնազարյանը: