Անմեղության կանխավարկածը թղթի վրա գրված չոր օրենք չէ․ պաշտպանություն պետական չարաշահումներից․ Ամստերդամ
14 Օգոստոսի 2026, 22:47
Այսօր ուզում եմ խոսել մարդու հիմնարար իրավունքներից ամենակարևորներից մեկի՝ անմեղության կանխավարկածի մասին։ Այս հարցի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նրա խոսքով՝ միջազգային իրավական պրակտիկայում բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ պետական ապարատը փորձում է հանրության համար «արագ արդարադատության» տպավորություն ստեղծել։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում ևս այսօր նկատվում է նման վտանգավոր միտում՝ տեսախցիկների առջև հանրային և քաղաքական գործիչների աղմկոտ ձերբակալություններ, նախաքննական մարմինների կողմից պատրաստված և տարածված տեսանյութեր, ինչպես նաև դեռևս դատարանում չապացուցված հանգամանքների ու «փաստերի» հապճեպ հրապարակում։
Երբ լրատվամիջոցները, հետևելով պաշտոնական հաղորդագրություններին, պարզապես տարածում են նման տեղեկատվությունը, ստեղծվում է մի իրավիճակ, երբ անձը հանրության աչքում արդեն իսկ «մեղավոր» է դառնում՝ դեռևս դատարանի դահլիճ չմտած։
Միջազգային իրավունքն այս հարցում հստակ դիրքորոշում ունի։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք գործերով, այդ թվում՝ «Գացինսկին ընդդեմ Ռուսաստանի», «Տուրյանսկին ընդդեմ Ուկրաինայի» և «Պոպովն ընդդեմ Բուլղարիայի», անդրադարձել է այս սկզբունքին՝ ընդգծելով, որ պետական մարմինների կողմից անձին հանրության առաջ որպես արդեն իսկ մեղավոր ներկայացնելը կարող է խախտել անմեղության կանխավարկածը։
Դատարանը նաև շեշտել է, որ նախաքննական մարմինների կողմից նման տեսանյութերի կամ հայտարարությունների տարածումը չի կարող արդարացվել միայն հանրությանը տեղեկացնելու անհրաժեշտությամբ, եթե դրանց միջոցով ձևավորվում է անձի մեղավորության վերաբերյալ կանխակալ պատկերացում։ Իրավապահ մարմինները չպետք է հանրության աչքում կանխորոշեն անձի մեղավորությունը, քանի որ դա կարող է ձևավորել կանխակալ հասարակական կարծիք և լրացուցիչ ճնշում ստեղծել ապագա դատավարության շրջանակում։
Անմեղության կանխավարկածը վերաբերում է յուրաքանչյուրին՝ անկախ նրա քաղաքական հայացքներից, հասարակական դիրքից կամ մեղադրանքի բնույթից։
Ուստի կարևոր է, որ այս սկզբունքը բոլորի համար լինի պարզ և ընդունելի․ անմեղության կանխավարկածը թղթի վրա գրված չոր օրենք չէ։ Այն քաղաքացու հիմնարար պաշտպանությունն է պետական հնարավոր չարաշահումներից և արդար դատաքննության կարևորագույն երաշխիքներից մեկը։