Եզդի մարզիկ Դավիթ Մգոյանը պայմանագիր է կնքել վրացական «ՌԿԵՆԱ» փրոմոուշենի հետ

03 Սեպտեմբերի 2026, 21:30

Սպորտ

Խառը մենամարտերի (MMA) հեռանկարային մարզիկ Դավիթ Մգոյանը, որը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, կշարունակի իր կարիերան վրացական խառը մենամարտերի «ՌԿԵՆԱ» լիգայում։ Նրա վերջին մենամարտը կայացել է Ջեյք Փոլի MVP MMA փրոմոուշենում, որտեղ Մգոյանը մրցավարների միաձայն որոշմամբ վստահ հաղթանակ է տարել Ալբերտ Մորալեսի նկատմամբ։

Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքում ծնված մարզիկն իր մարզական ուղին սկսել է ազատ ոճի ըմբշամարտից, գրեփլինգից և հարվածային տեխնիկայից։ Նա սիրողական MMA-ի Ռուսաստանի և աշխարհի առաջնություններում նվաճել է ոսկե մեդալներ։

Պրոֆեսիոնալ ասպարեզում Մգոյանը պահպանում է կատարյալ՝ 7 հաղթանակ և 0 պարտություն ռեկորդը, որոնց մեծ մասը գրանցել է վաղաժամ ավարտով։

2024 թվականից մարզիկը մարզվում է ԱՄՆ-ում՝ լեգենդար American Top Team ակումբում։ Նա այնտեղ մարզվում է Արման Ծառուկյանի հետ՝ հանդես գալով նաև որպես նրա երկրորդ և սպարինգ-գործընկեր։

Դավիթն արդեն հասցրել է իրեն դրսևորել ամերիկյան LFA, CFFC և Tuff-N-Uff փրոմոուշեններում։ Մարզիկի բարձր ներուժը հրապարակայնորեն ընդգծել է նաև հայտնի մենեջեր Ալի Աբդել-Ազիզը, որը տարբեր տարիներին համագործակցել է Հաբիբ Նուրմագոմեդովի և մի շարք այլ բարձրակարգ մարզիկների հետ։