​Անվտանգային համակարգը խոցելի է, իսկ պետությունը՝ անգործ․ Իշխան Սաղաթելյան

02 Հոկտեմբերի 2026, 22:44

Կարծիք | Քաղաքականություն

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի սահմանախախտի ներխուժման և տեղի բնակիչների դեմ իրականացված ոտնձգությունների դեպքը հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանի անվտանգային համակարգի խոցելիությունն ու պետական մարմինների անգործությունը։ «Alpha News»-ի տաղավարում նման տեսակետ է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ըստ պատգամավորի՝ տեղի ունեցած միջադեպն ու դրան հաջորդած պաշտոնական արձագանքը վկայում են, որ ՀՀ իշխանությունները փորձում են թաքցնել իրականությունը և արդարացնել սեփական անգործությունը։

«Գլխավոր հետևությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, դժբախտաբար, ևս մեկ անգամ ականատես եղավ, որ երկրի տարածքային ամբողջականությունն ու սահմաններն անպաշտպան են։ Դեպքից հետո իշխանությունների և համապատասխան մարմինների պահվածքը նույնն էր՝ ամեն կերպ թաքցնել, փորձել արդարացնել և մարդկանց իրական տեղեկատվություն չտալ։ Եթե չլիներ այս օրերին եղած հանրային արձագանքը, վստահ եղեք, հիմա արդեն արտահանձնած կլինեին ադրբեջանցուն և կփորձեին շարունակել վերջին տարիներին որդեգրված անպատիվ քաղաքականությունը»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորը հատկանշական է համարել այն փաստը, որ սահմանախախտին սեփական ուժերով վնասազերծել է տեղի բնակչուհին, ինչը, նրա համոզմամբ, պետության խորքային բացակայության ցայտուն ապացույց է․

«Մարդը հատել է Հայաստանի սահմանը, և, ըստ էության, այդ հանցագործին վնասազերծել է հայ կինը՝ խոհանոցի դանակով՝ իր երեխաներին պաշտպանելու համար։ Սա խոսում է պետության խորքային բացակայության մասին։ Ինչ վերաբերում է նրան արտահանձնելուն, ապա այս իշխանությունները նախկինում արդեն հանձնել են սիրիացի վարձկաններին և նախորդ ներխուժած ադրբեջանցիներին։ Այս հանցագործը, որը հարձակվել է հայ ընտանիքի վրա և փորձել կրակել կնոջ ու երեխայի վրա, նույն կարգավիճակում չէ, ինչ Ադրբեջանում գտնվող մեր գերիները։ Բայց եթե նույնիսկ դիտարկվի փոխանակման հարց, մեր պահանջը պետք է լինի հստակ՝ բացառապես մեր գերիների վերադարձի դիմաց»։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգային սպառնալիքներին և ռուսական ռազմաբազայի շուրջ քննարկումներին՝ Սաղաթելյանն ընդգծել է, որ Թուրքիայից և Ադրբեջանից բխող վտանգները չեն չեզոքացվել, իսկ անվտանգային ներկայիս համակարգի թուլացումը հղի է նոր սպառնալիքներով․

«Այս իշխանությունների տեսակետն այն է, թե իբր հարաբերությունները կարգավորել են, և Թուրքիան ու Ադրբեջանն այլևս սպառնալիք չեն։ Սակայն իրականում նրանց խնդիրը ոչ միայն մեր տարածքներն են, այլ առհասարակ հայկական ինքնությունը։ Ռազմաբազան դուրս բերելով՝ մենք անվտանգային նոր, լրջագույն խնդիրներ ենք ունենալու, որոնք լուծելու հնարավորություն և ռեսուրս առնվազն այս պահին չունենք»։