Ապօրինի գույքի բռնագանձումը պետք է վերաբերի թե՛ նախկին, թե՛ ներկա և թե՛ ապագա պաշտոնյաներին․ Վարդևանյան

30 Հոկտեմբերի 2026, 18:19

Քաղաքականություն

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգը պետք է գործի Հայաստանում և հավասարապես տարածվի թե՛ նախկին, թե՛ ներկա և թե՛ ապագա պաշտոնատար անձանց վրա։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Միաժամանակ նա կասկած է հայտնել գործող իշխանությունների օրոք իրականացվող բացահայտումների արդարության վերաբերյալ։

«2021 թվականի դեկտեմբերին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը վերաբերող օրենքի առնչությամբ դիմում էր ներկայացվել Սահմանադրական դատարան։

Պատկերացրե՛ք՝ եթե իրավական կարգավորումները չեն համապատասխանում անգամ Եվրոպական դատարանի սահմանած նվազագույն չափանիշներին, դա պետության համար չարիք է դառնում, քանի որ բոլորիս կողմից ձևավորված պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ պետք է տրվեին հենց այն մարդկանց, որոնց դեմ, իբր, պայքարում եք։ Պատճառն այն էր, որ ձեր մշակած օրենքն անորակ էր»,- ասել է Վարդևանյանը։

Ըստ նրա՝ թեև 2018 թվականից հետո Սահմանադրական դատարանի կազմն ամբողջությամբ փոխվել է, և այն փաստացի ձևավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» իշխանության օրոք, բարձր դատարանն, այնուամենայնիվ, ընդունել է ընդդիմության ներկայացրած դիմումում առկա գրեթե բոլոր իրավական դիրքորոշումները։

Վարդևանյանի խոսքով՝ ընդդիմության դիմումի նպատակը ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտն ամբողջությամբ բացառելը չէր, այլ օրենքում առկա ձևակերպումների և կառուցվածքային լուրջ խնդիրների լուծումը, ինչն էլ ՍԴ-ն լրացրել է իր որոշմամբ։

Հիմա եթերում