Ապրիլից Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրից կօգտվեն թիրախային խմբերը
21 Նոյեմբերի 2024, 13:20
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք սոցիալական աջակցության ծրագրերից կօգտվեն մինչև 2025 թվականի վերջը։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրել է, որ 2023 թ. հոկտեմբերից մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու` 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը, որը կշարունակվի նաև մինչև այս տարվա դեկտեմբեր ամիսը ներառյալ։
Նա մանրամասնել է, որ 2025 թ. Հունվար-մարտին ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց դրամական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ։ Նախարարի խոսքով` նրանք, ովքեր ունեն անշարժ գույք (նրանց թիվը 4 899 է), կոմունալ ծախսերի համար նախատեսված 10 հազար դրամները չեն ստանա։
2025 թ. Ապրի-հունիսին 40 հազար դրամ աջակցություն կստանան բռնի տեղահանված առանձին խմբերի անձինք` մինչև 18 տարեկան երեխաները, պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք, 63 և ավելի տարիք ունեցողները, կերակրողին կորցրածները, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք։