Առաջիկա 25 տարիներին Հայաստանը ԵՄ անդամ դառնալու հնարավորություն չունի․ Անդրանիկ Հովհաննիսյան

03 Հունիսի 2026, 20:03

Քաղաքականություն

Ես չեմ հանդիպել որևէ եվրոպացի փորձագետի, որը Հայաստանի՝ մոտ ապագայում Եվրամիությանն անդամակցելը իրատեսական կհամարեր։ Ավելին՝ խոսվում է այն մասին, որ Հայաստանը նման հնարավորություն չունի ոչ միայն մինչև 2030 թվականը, այլ նույնիսկ առաջիկա 20-25 տարիների ընթացքում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։ 

«Եվրոպացի փորձագետների այդ գնահատականը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵՄ անդամակցության հերթում արդեն երկար տարիներ սպասում են մի շարք երկրներ, այդ թվում՝ Մոնտենեգրոն ու Ալբանիան»,- նշել է քաղաքագետը:

Հովհաննիսյանի խոսքով՝ դժվար է պատկերացնել, թե ինչպես Հայաստանը կարող է արագ անդամակցել Եվրամիությանը, երբ անդամակցության թեկնածու այլ երկրներ շարունակում են սպասել իրենց հերթին։

«Անդամակցության ճանապարհին առկա է նաև մեկ այլ կարևոր խոչընդոտ։ Հայկական արտադրանքի ստանդարտները ներկայումս համապատասխանում են Եվրասիական տնտեսական միության պահանջներին և չեն համապատասխանում Եվրոպական միության չափանիշներին»,- ընդգծել է քաղաքագետը։ 

Անդրանիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այդ ստանդարտների փոփոխությունը երկարատև և ծախսատար գործընթաց է, որը պահանջում է զգալի ֆինանսական ռեսուրսներ։