Արամ Չոբանյանի անվան համաժողով․ արհեստական բանականությունն ու բժշկական կրթության ապագան
20 Հոկտեմբերի 2026, 22:50
Հոկտեմբերի 10-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել դոկտոր Արամ Չոբանյանի անվան հետբուհական բժշկական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման 3-րդ համաժողովը։ «The Armenian Mirror-Spectator»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել է 187 մարդ, որոնք մտքեր են փոխանակել բժշկական կրթության ապագայի վերաբերյալ։
Համաժողովի մասնակցության համար տրամադրվել է շարունակական բժշկական կրթության (ՇԲԿ) հինգ հայկական կրեդիտ։ Քննարկվել են դասավանդման և ուսուցման նորարարական մոտեցումները, մասնավորապես՝ արհեստական բանականությունը (ԱԲ), իմերսիվ տեխնոլոգիաները և բուժաշխատողների փոփոխվող կարիքները։
Համաժողովը կազմակերպել է Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը (ICPD)՝ Հայաստանի օգնության ֆոնդի (FAR) աջակցությամբ։ Այն շարունակում է դոկտոր Արամ Չոբանյանի գործը, որի ներդրումը բժշկական կրթության, գիտական հետազոտությունների, ակադեմիական ղեկավարման և մասնագիտական մենթորության ոլորտներում նշանակալի հետք է թողել բժշկական համայնքում։
Գիտական ծրագրի շրջանակում ելույթ են ունեցել տարբեր երկրների փորձագետներ՝ Էդուարդ Աբոյանը, Դեյվիդ Բ. Փիրլսթոունը, Գուզել Ուլումբեկովան, Լևոնտի Հովհաննիսյանը, Աբդելռահման Ադլին, Ջայդիպ Թալվալկարը, Քսիմենա Ալվիրան, Բեն Մյուլլերը և Լին Քայշը։ Իրենց զեկույցներում նրանք ներկայացրել են նոր միտումներ և գործնական ռազմավարություններ, որոնք կարող են նպաստել հետբուհական բժշկական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման ամրապնդմանը։
Քննարկումների բաժինները վարել են դոկտոր Գևորգ Աղաջանյանը, դոկտոր Միքայել Պետրոսյանը և պրոֆեսոր Արա Թեքյանը։ Նրանց շնորհիվ ծավալվել են ակտիվ քննարկումներ և հարցուպատասխանի աշխույժ նիստեր։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել կրթական նոր հայեցակարգերը համադրելու առողջապահական համակարգերի գործնական խնդիրների և մասնագիտական կարիքների հետ։