Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրական արդարադատություն․ Արամ Վարդևանյան
04 Հուլիսի 2026, 18:29
Սահմանադրական դատարանի կողմից ընդդիմադիրների դիմումները մերժելու և խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն ուժի մեջ թողնելուց հետո, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հանդես է եկել հայտարարությամբ։
Փաստաբանը խիստ քննադատության է ենթարկել Բարձր դատարանի կայացրած որոշումն՝ այն որակելով որպես սահմանադրական արդարադատության բացակայության հերթական ապացույց։
Արամ Վարդևանյանն առանձնահատուկ շեշտել է այն փաստը, որ այս որոշումը կայացվել է Սահմանադրության օրվան ընդառաջ, ինչն էլ ավելի ցավոտ է դարձնում ստեղծված իրավիճակը։
«Սահմանադրական դատարանի նման տեսակի որոշման ականատես նախկինում ևս եղել եմ։ Սակայն այս որոշումը տարբերվում է մեկ կարևոր և ցավալի հանգամանքով․ այն կայացվեց Սահմանադրության օրվան ընդառաջ։ Եւ Սահմանադրության օրվան ընդառաջ արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն, չկա սահմանադրական արդարադատություն։ Սահմանադրական արդարադատության համար առաջնայինը Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիրն է, որը, ցավոք, չհաղթահարվեց։ Սահմանադրական դատարանը հենց ինքը հրաժարվեց իր իսկ կազմի լեգիտիմության խնդիրը հաղթահարել»,- հայտարարել է Վարդևանյանը։