Արամ Վարդևանյանը Դոհայում քննարկել է հայ-կատարական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
21 Հոկտեմբերի 2026, 16:46
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահ Համդա բինթ Հասան Ալ Սուլայթիի հետ։
Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցության զարգացմանը, ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ամրապնդմանը։ Կարևորվել է նաև Հայաստանի Ազգային ժողովի և Կատարի Շուրայի խորհրդի միջև դիրքորոշումների համակարգումը տարածաշրջանային և միջազգային խորհրդարանական հարթակներում։
Անդրադառնալով Հայաստանի և Կատարի գործարար շրջանակների միջև համագործակցության խթանմանը՝ կողմերը քննարկել են Կատարի գործարարների ասոցիացիայի (Qatar Businessmen Association) հետ համատեղ գործարար գագաթնաժողովի կազմակերպման հնարավորությունը։ Նախաձեռնությունը միտված է երկու երկրների գործարարների միջև անմիջական կապերի հաստատմանը, ներդրումային հնարավորությունների ներկայացմանն ու համատեղ տնտեսական ծրագրերի զարգացմանը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Կատարի Շուրայի խորհրդի անդամ Յուսեֆ բին Ահմեդ Ալ Սադան։