Առանց հայ բնակչության Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գտնվելու իմաստ չկա. Ալեքսանդր Կռիլով

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը:

«Ի սկզբանե եռակողմ հայտարարության համաձայն պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, մարդկանց իրավունքների պաշտպանության հարցը մշակվելու են հետագայում։ Այդ հարցերը հետաձգվեցին, և դա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ պայմանավորվածությունն էր։ Ռուսական տարբերակն այն էր, որ մենք ձգտում ենք կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, որ աստիճանաբար վերանա ազգամիջյան թշնամանքը, ժողովուրդները կկարողանան հանգիստ ապրել միմյանց հարևանությամբ, և դրանից հետո Ղարաբաղի հայերի կարգավիճակի, իրավունքների պաշտպանության հարցը կարող է ինքնըստինքյան լուծվել՝ առանց այն բանի, որ Ադրբեջանը հավակնի Ղարաբաղին։

Բայց ահա այդ պայմանավորվածությունը վերացվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի համաձայնագրերով, որոնք ստորագրվեցին արևմտյան երկրների միջնորդությամբ, ընդ որում Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ բանակցային օրակարգից հանվեցին Ղարաբաղի հայերի ինքնորոշման խնդիրը և Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի ապահովման հարցը, որն, այնուամենայնիվ, սկզբնական եռակողմ ձևաչափով մնաց օրակարգում։ Մեր արևմտյան հակառակորդները ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանը դուրս գա այդ ձևաչափից և մնաց ռուս-ադրբեջանական երկկողմ ձևաչափը», — ասել է Կռիլովը։

Փորձագետի խոսքով, այն բանից հետո, երբ հայ բնակչությունը ստիպված եղավ գաղթել Ղարաբաղից, այնտեղ ռուսական խաղաղապահ զորակազմի գտնվելու իմաստը կորավ:

«Այն բանից հետո, երբ հայ բնակչությունը ստիպված եղավ դուրս գալ Ղարաբաղից և այն բանից հետո, երբ Ադրբեջանը ձեռնարկեց խնդրի ուժային լուծման գործողություն, այնտեղ ռուսական խաղաղապահ զորակազմի գտնվելու ողջ իմաստը կորավ: Իհարկե, ողբերգություն է, որ Ղարաբաղի հայերը ստիպված են եղել գնալ հայրենի հողից, բայց այն, որ նրանք խուսափել են ֆիզիկական բնաջնջումից ժամանակակից աշխարհում, դա էլ քիչ չէ։ Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Գազայում և աշխարհի շատ այլ մասերում, որտեղ ահաբեկչական գործողությունները հանգեցնում են զանգվածային զոհերի և իրականացվում է խաղաղ բնակչության գիտակցված բնաջնջում։

Իհարկե, իրավիճակը շատ տխուր է և ողբերգական, բայց այն, որ բնակչությունը ողջ է մնացել, պետք է համարել ռուսական խաղաղապահ զորակազմի վաստակը։ Իսկ հիմա նրանց այնտեղ գտնվելու իմաստը կորել է։ Իհարկե, եղել են քննարկումներ, որ կարող է ղարաբաղցի հայերի մի մասը վերադառնա, բայց հետևելով հասարակական տրամադրությանը՝ հասկանալի է, որ այդ ամենը միանգամայն անիրատեսական է, նրանք երբեք չեն վերադառնա Ադրբեջանի իշխանության տակ՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ», — եզրափակել է Կռիլովը։