Առաքելոց վանական համալիրը՝ Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում

04 Փետրվարի 2025, 12:04

Մշակույթ

Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում։

Այս մասին հայտնում է «Եվրոպա Նոստրա»-ն և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը։

Եվրոպայի 14 վտանգված վայրերը ընտրվել են միջազգային Խորհրդակցական խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են հնագիտության, ճարտարապետության, ժառանգության պահպանման, նախագծային վերլուծության և ֆինանսավորման ոլորտի մասնագետներ։ Ընտրությունը կատարվել է հետևյալ չափանիշներով․վայրի մշակութային և պատմական արժեքի կարևորությունը, վտանգի իրական և հրատապ լինելը, տեղական համայնքների ներգրավվածության մակարդակը, պետական և մասնավոր հատվածի աջակցությունը, տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման ներուժը։

Թաքնված Տավուշի անտառներում՝ Աճարկուտ գյուղից երկու կիլոմետր դեպի արևմուտք, Կիրանց գետի երկայնքով, Առաքելոց վանական համալիրը միջնադարյան կրոնական և աշխարհիկ ժառանգության բացառիկ գոհարներից է։ 13-րդ դարում այն եղել է մշակութային ու տնտեսական կարևոր կենտրոն՝ Հայկական մետաքսի ճանապարհի առևտրային աշխուժության վկայությամբ։ Մեկուսի դիրքը և հայ-ադրբեջանական սահմանին հարևանությունը ընդգծում են համալիրի ոչ միայն պատմական, այլև աշխարհաքաղաքական նշանակությունը։

Այսօր Առաքելոցը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Քայքայվող պատերը, վայրի բուսականության ներխուժումը, կլիմայական փոփոխությունները, առատ տեղումները և սելավները սպառնալիք են համալիրի պահպանության համար։ Սեյսմիկ ակտիվ գոտում գտնվելն ու երկրաշարժերից վնասված կառույցները լրացուցիչ վտանգներ են ստեղծում։ Մարդկային գործոնն էլ ակնհայտ է՝ գրաֆիտիով պատված պատեր, չպահպանվող տարածքներ ու ոչ կանոնակարգված հանգստի գոտիներ։ Բացի այդ, համալիրում առկա չղջիկների գաղութը պահանջում է մշակութային ժառանգության և վայրի բնության պահպանության միջև հավասարակշռված մոտեցում։