«Արարատ-Արմենիա»-ն իրավունք ունի երազելու Չեմպիոնների լիգայի մասին․ Մանուել Տուլիպա

05 Օգոստոսի 2026, 16:30

Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում կամային հաղթանակ է տարել սլովենական «Ցելյե»-ի նկատմամբ։ Օգոստոսի 4-ին Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է Հայաստանի չեմպիոնի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Տնային խաղից հետո հայկական ակումբին անհրաժեշտ է պատասխան հանդիպումում հաղթել կամ ոչ-ոքի գրանցել, որպեսզի Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դուրս գա Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ։

Հանդիպումից հետո «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան գնահատել է իր թիմի խաղը, անդրադարձել վիճահարույց 11-մետրանոցին, բացատրել կատարած փոփոխությունները և խոսել Սլովենիայում կայանալիք պատասխան խաղի սպասելիքների մասին։

«Ոչինչ չի խանգարի մեզ երազել։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի այս երկիրը շարունակի երազել։ Վստահեցնում եմ՝ մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի հայտնվենք Չեմպիոնների լիգայում կամ առնվազն մասնակցենք Եվրոպա լիգայի հիմնական փուլում։ Նույնիսկ եթե չկարողանանք հասնել այդ նպատակին, դա չի նշանակի, որ մենք բավականաչափ չենք փորձել կամ քիչ բան ենք արել հաղթանակի համար։ Դա միայն կնշանակի, որ մրցակիցը չափազանց ուժեղ է եղել»,- մարզչի խոսքերը մեջբերել է Sportaran-ը։