Արարատը՝ աշխարհահռչակ «Petrossian»-ի տոնական նոր օրացույցի գլխավոր խորհրդանիշ

15 Նոյեմբերի 2026, 13:00

Հասարակություն

Ֆրանսիական բարձրակարգ գաստրոնոմիայի աշխարհում համաշխարհային ճանաչում վայելող «Petrossian» ապրանքանիշը ներկայացրել է 2026 թվականի տոնական ադվենտ օրացույցը՝ ստեղծված հայտնի նկարազարդող Ջեսիկա Լիսի հետ համագործակցությամբ։ Սահմանափակ թողարկմամբ այս նորույթի ձևավորումն առանձնանում է խոր խորհրդանշականությամբ․ դիզայնի կենտրոնական պատկերն Արարատ լեռն է, որով ընդգծվում են ապրանքանիշի հիմնադիրների պատմական հայկական արմատները։

«Petrossian» տան պատմությունը սկիզբ է առել ավելի քան մեկ դար առաջ՝ 1920 թվականին, Փարիզում։ Մելքում և Մուշեղ Պետրոսյանց եղբայրներն իսկական հեղաշրջում կատարեցին Ֆրանսիայի գաստրոնոմիական մշակույթում՝ առաջին անգամ ֆրանսիական նրբաճաշակ հասարակությանը ներկայացնելով Կասպից ծովի սև խավիարը։

Նրանց համարձակ նախաձեռնությունը ոչ միայն հիմք դրեց ընտանեկան բիզնեսին, այլև դարձավ ֆրանսիական «Art de vivre»-ի («Ապրելու արվեստի») անբաժանելի մասը։ Այդպիսով՝ խավիարը վերածվեց շքեղության, նրբաճաշակության և գաստրոնոմիական կատարելության խորհրդանիշի, որի բարձր համբավն ապրանքանիշը պահպանում է մինչ օրս։