Արցախի էջը փակված չէ․ Սարինե Աբրահամյան

26 Մարտի 2024, 23:50

Քաղաքականություն

Արցախի էջը փակված չէ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու Սարինե Աբրահամյանը։

Նա անդրադարձել է Բելգիայի Սենատում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։

«Մեզ համար Արցախը մնում է առաջնային հարց, Արցախի էջը փակված չէ, ու մենք շարունակում ենք բոլոր քաղաքական շրջանակներում աշխատանքը, որպեսզի իրազեկենք բոլորին, այնպես անել,որ Արցախի հարցը լինի օրակարգում Եվրոպայի, Բելգիայի մակարդակով և հատկապես այն փաստը, որ Բելգիան այսօր նախագահում է Եվրամիությունը։ Ինչպես գիտեք, ամեն 6 ամիսը մեկ ԵՄ անդամ մի երկիր ստանձնում է այդ պարտականությունը, ու հիմա Բելգիան է նախագահում Եվրամիությունը։ Այդ առումով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է,որը եղավ Մարկ Դեմեսմեկեր սենատորի հետ, որը նաև Վրաստանի ու Հայաստանի հետ միջխորհրդարանական միության ղեկավարն է»,- ասել է Սարինե Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականից հետո հայ ժողովրդի հետ կատարվածի մասին ևս խոսել են քննարկման ժամանակ։

«Կարևոր էր, որ հենց Մարկ Դեմեսմեկերն էր քննարկման նախաձեռնողը մեզ հետ միասին և այնտեղ հիմնականում մեզ համար կարևոր էր, որ համապարփակ վերլուծություն կատարվի 2020 թվականից հետո պատահածների հետ՝ 44-օրյա պատերազմ, դրանից հետո Ադրբեջանի կողմից հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ու, բնականաբար, մեզ համար ողբերգական երևույթը՝ սեպտեմբերի հարձակումները, որի հետևանքով արցախահայությունը բռնի ուժով տեղահանվեց Արցախից»,- ասել է մեր զրուցակիցը։

Նա նշել է, որ իրենց նպատակն է ճնշում գործադրել Բելգիայի կառավարության վրա։

«Կարևոր բանախոսներից էր Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, որ այս առումով ունի շատ մեծ ասելիք։ Խորհրդարանի պարտականություններից մեկն է, որ ճնշում գործադրի Բելգիայի կառավարության վրա։ Բոլոր բանախոսներն ունեն նաև իրենց լծակները․ օրենսդիր մարմինն ունի իր լծակները, որ գործադիրի վրա իր ճնշումները կարողանա բանեցնել։ Բելգիայի՝ ԵՄ նախագահ լինելու հանգամանքը նույնպես կարևոր փաստ է, որը կարող է օգնել դարձնել սա նույնպես ԵՄ գործադրի օրակարգի հարց»,- եզրափակել է Սարինե Աբրահամյանը։

Հիմա եթերում