Արցախի նախագահի թեկնածու դեռ չունենք, բայց ցանկալի է, որ կոնսենսուս լինի նրա շուրջ. Դավիթ Գալստյան
23 Մայիսի 2025, 18:25
Արցախի Սահմանադրությամբ՝ Արցախի նախագահի թեկնածուների առաջադրման համար սահմանված է 7-օրյա ժամկետ, որից հետո եռօրյա ժամկետում Ազգային ժողովը պետք է նիստ գումարի և նախագահ ընտրի։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
«Մենք գործելու ենք Սահմանադրության շրջանակում: Շատ լավ կլինի, որ խորհրդարանի 5 խմբակցությունում էլ կոնսենսուս լինի նախագահի թեկնածուի շուրջ, բայց առ այսօր քննարկում չի ծավալվել, քանի որ դեռ ժամանակ կա: Մենք Արցախից բռնի տեղահանումից հետո հայտարարել ենք քաղաքական և կուսակցական շահերը մի կողմ դնելու մասին և զբաղվում ենք միայն Արցախի պետականության պահպանման, ժողովրդի համախմբման շուրջ: Իհարկե, ցանկալի է, որ նախագահի թեկնածուն կոնսենսուսային լինի, հաշվի առնելով մեր վերադարձի իրավունքը առաջ տանելու ու սոցիալական շատ խնդիրները»,- ասաց Դավիթ Գալստյանը:
Թեև Սամվել Շահրամանյանի թեկնածության շուրջ պաշտոնական հայտարարություն չկա, բայց լրատվամիջոցները գրում են, որ նախագահի հավանական թեկնածուն հենց նա է: Հարցին, թե «Արդարություն» խմբակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի Շահրամանյանի թեկնածության շուրջ, Դավիթ Գալստյանն ասաց.
«Սամվել Շահրամանյանն այն նախագահն էր, որը կարողացավ մեր հայրենակիցներին ցեղասպանությունից փրկել ու անվտանգ կազմակերպել նրանց տարհանումը: Դա միայն խմբակցության դիրքորոշումը չպետք է լինի, պետք է նաև տվյալ անձի ցանկությունը լինի, համոզված եմ, որ քննարկումների արդյունքում վերջնական որոշում կկայացնենք: Քանի դեռ չկա որոշում, ճիշտ չեմ համարում այդ մասին հիմա խոսել: Պետք է քննարկումներ լինեն, պետք է ծրագիր լինի, պետք է խոսել քայլերի մասին, որից հետո կկողմնորոշվենք, թե ում ենք առաջադրելու և ընտրելու որպես նախագահ»:
Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրացել է մայիսի 21-ին: Ըստ Սահմանադրության՝ մինչև նոր նախագահի ընտրությունը, նրա լիազորությունները պետք է կատարի ԱԺ նախագահը, բայց Դավիթ Իշխանյանը 2023-ի հոկտեմբերից գերեվարված է Բաքվի բանտում: Անհրաժեշտությունից ելնելով Արցախի ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ մայիսի 21-ին արտահերթ նիստ է գումարվել և խորհրդարանի նախագահ է ընտրվել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը՝ 28 կողմ ձայնով:
Դավիթ Գալստյանն ասաց, որ Արցախի 33 պատգամավորներից 28-ն են ներկա եղել նիստին, 4-ը հարգելի պատճառով բացակա են եղել, իսկ Դավիթ Իշխանյանն էլ ադրբեջանական գերության մեջ է:
«Աշոտ Դանիելյանի շուրջ կար կոնսենսուս, նա ընտրվեց 28 կողմ ձայնով: Սա այն քայլն էր, որը թույլ է տալիս պահպանել Արցախի խորհրդարանի ու նախագահի ինստիտուտը»,- հավելեց Դավիթ Գալստյանը: