Արցախի նախագահն իր հարցազրույցով հերթական անգամ ծառայել է Փաշինյանին. Դավիթ Գալստյան

07 Օգոստոսի 2023, 17:46

Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանն անուղղակիորեն հերթական շնորհակալան խոսքերն է հնչեցրել ՀՀ իշխանություններին: Alpha News-ի հետ զրույցում այս պնդումն է արել ԱՀ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով ԱՀ նախագահի վերջին հարցազրույցին, որտեղ Հարությունյանը, պատգամավորի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանի բանավոր մեղադրանքներից չի պաշտպանել արցախահայերին: Դավիթ Գալստյանը կարծում է՝ ԱՀ նախագահից մեծ հույսեր ունենալ պետք չէ, քանի որ վերջինս տրորել է նույնիսկ իր սահմանած կարմիր գծերը: Փաշինյանի խոսքերին՝ առ այն, թե ինչ է արել Արցախը ՀՀ-ի տրամադրած փողերը, Հարությունյանը, ըստ Գալստյանի, համարժեք պատասխան չի տվել:

«Այդ փողերը Նիկոլ Փաշինյանի հոր կալվածքներից չեն գալիս Արցախի ժողովրդին, այլ դա ՀՀ բյուջեն է, և այն պետք է ծառայի հայությանը: Փաշինյանն ասելով, թե մի քանի տասնյակ անձինք, եթե իհարկե, իրականում դա այդպես է, դրանք մսխել են, մատ է թափ տվել ամբողջ արցախահայության վրա: Հարությունյանը ընդամենը արդարացել է»,- շեշտել է Գալստյանը:

Պատգամավորը նկատել է նաև, որ նախագահ Հարությունյանն, անուղղակիորեն, Զանգեզուրի միջանցքը կապել է Բերձորի միջանցքի հետ, մինչդեռ, այս ճանապարհն առանձին կետով է նշված հրադադարի եռակողմ համաձայնագրում և այս՝ Բերձորի ճանապարհի շահառուները արցախցիներն են: Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, ասել էր.

«Կարող եմ նաև այսօր հայտարարել, որ Ադրբեջանը շարունակում է իր ճնշումներրը՝ առավելագույնը կորզելու։ Մենք պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին, ինչ-որ տեղ, նաև պատանդի կարգավիճակով պահելու ցանկություն ունի՝ զուգահեռ իրականացնելով ցեղասպանություն, և ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների և միջազգային դերակատարների վրա, Զանգեզուրի ճանապարհի առավել արտոնյալ տարբերակ ունենալու համար»:

Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը.

«Սա արդեն պատերազմ է, պատերազմի շարունակություն պաշարման միջոցով, ապա դրա արդյունքում Արցախը դարձնելով մեծ համակենտրոնացման ճամբար՝ իրականացնելով ցեղասպանություն»:

Դավիթ Գալստյանը կարծում է, որ Բերձորի միջանցքի բացման հարցում Արցախի և Հայաստանի իշխանությունները բավականաչափ ջանքեր չեն գործադրվում: Մասնավորապես, ամիսներ առաջ, երբ ճնշումներ կային, որ ճանապարհը պետք է բացվի, Արայիկ Հարությունյանը ընդունեց ադրբեջանական ապօրինի անցակետով անցելու որոշումը, որն այնուհետև, Բաքուն օգտագործեց միջազգային հարթակում՝ ասելով, որ տեսե՛ք՝ ճանապարհը փակ չի:

«Մենք չենք խոսում անցակետը հանելու մասին, այլ բերել ենք, ընդամենը, սարքել դա՝ որպես բլոկադա, այն դեպքում, երբ մենք պետք է ամեն ինչ անենք, որ միջանցքի տրամաբանությունը վերականգնվի, այլ ոչ թե հումանիտար բեռներ տեղափոխելու հարց բարձրացվի: Հենց սրանով էլ Արայիկ Հարությունյանը նշաձողն իջեցնում է: Սա դիվանագիտական դաշտում հերթական պարտությունն է»,- համոզված է արցախցի պատգամավորը:

Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի նախագահ մնալու դեպքում, 0% է շանսը, որ այս վիճակը կարող է հանգուցալուծվել, իսկ առանց նրա 0,1 % է, սակայն նա, իշխանության ղեկին մնալով, դա թույլ չի տալիս ու պաշտոնից չի հեռանում: Հարությանի հրաժարականը կարող է բեկում մտցնել, քանի որ ամբողջ աշխարհը կտեսնի, որ Արցախը փակում է պարտության էջը, այլապես, Արայիկ Հարությունյանը վարում է Նիկոլ Փաշինյանի նույն քաղաքականությունը: Ակներև ապացույցներից նա մատնացույց է արել ԱՀ նախագահի վերջին հարցազրույցը, որտեղ նա, այդպես էլ, ուղիղ մեղադրանքներ չի հնչեցրել ՀՀ իշխանության հասցեին:

Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը համաձայնել է լրագրողի այն մտքի հետ, թե կա տպավորություն, որ Երևանն ու Բաքուն լուռ համաձայնության են եկել, որ Ստեփանակերտին թողնեն մեն-մենակ Ադրբեջանի հետ: Նա նշել է, որ Արցախը ցեղասպանության եզրին է, հետևաբար, դա երկխոսություն անվանել չենք կարող: Եվ այդ պայմաններում Ստեփանակերտին հրամցնում են բացառապես Բավքի պահանջները: Հարությունյանը նաև ՀՀ իշխանությանը կոչ է արել՝ զերծ մնալ ցանկացած քայլից, որը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշումը:

Մանրամասները՝ տեսանյութում: