Արձանագրվող ընտրախախտումների քանակը սարսափելի է. Տիգրան Քոչարյան
07 Հունիսի 2026, 19:30
Ընտրողների ակտիվության մասին ավելի վառ խոսում են ԿԸՀ-ի ներկայացրած մասնակցության թվերը, որոնք արդեն 8%-ով ավելի են, քան նախորդ ընտրությունների ժամանակ: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։
«Ազգաբնակչության զգալի մասը պատրաստ է փոփոխության և որոշել է տանը չնստել, չթողնել, որ իրենց փոխարեն որևէ մեկն ընտրի։ Նրանք գնացել են ընտրատարածքներ և կատարել իրենց պարտքը»,- նշել է Տիգրան Քոչարյանը:
Անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի գրառմանը, ըստ որի՝ Հայաստանի ընտրողների ընդհանուր թվի՝ ՆԳՆ և ԿԸՀ հրապարակած տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն, Քոչարյանն ասել է, որ դա շատ հետաքրքիր փաստ է, քանի որ հարց է առաջանում, թե նրանք որտեղից են հայտնվել մեկ օրվա մեջ:
«Դա քիչ չէ, այն կազմում է ընտրողների պոտենցիալ 1%-ը: Այստեղ էլ իշխանությունները երևի փորձում են որևէ կեղծիքի դիմել»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։
Անդրադառնալով ՀՀ մարզերում և Երևանում տեղի ունեցող ընտրակեղծիքներին՝ նա նշել է, որ իշխանությունը շատ լավ հասկանում է՝ Երևանում իրենք մեծ շանսեր չունեն բարձր տոկոս հավաքելու։
«Դրա համար փորձում են մարդկանց հիասթափեցնել, հոգնեցնել և հեռու պահել ընտրատարածքներից, ինչը շատ տգեղ երևույթ է, իսկ արձանագրվող ընտրախախտումների քանակը սարսափելի է»,- հավելել է Տիգրան Քոչարյանը: