Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

16 Նոյեմբերի 2026, 17:20

Քաղաքականություն

Հավաքական Արևմուտքի ուշադրությունը մշտապես պետք է հրավիրել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Դրա համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք՝ Հայաստանում գործող դեսպանների և կազմակերպությունների հետ աշխատանքից մինչև միջազգային հարթակներում համապատասխան հարցերի բարձրաձայնում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է մեդիափորձագետ, Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով՝ հաճախ հնչում են պնդումներ, թե Նիկոլ Փաշինյանն ունի հավաքական Արևմուտքի աջակցությունը, որն աչք է փակում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վրա։ Սակայն, ըստ փորձագետի, իրավիճակը փոխելու հնարավորություններ կան, և դրա համար անհրաժեշտ է ակտիվ ու շարունակական աշխատանք միջազգային գործընկերների հետ։

Տիգրան Քոչարյանն ընդգծել է, որ մի բան է աջակցել բարձր լեգիտիմություն ունեցող քաղաքական գործչին, և բոլորովին այլ բան՝ ցածր լեգիտիմություն ունեցող անձին, որի գործողություններն արդեն կարող են բացասաբար անդրադառնալ իրեն աջակցողների հեղինակության վրա։

«Գալիս է մի պահ, երբ որոշակի քաղաքական գործիչներից սկսում են հոգնել, այդ թվում՝ Արևմուտքում։ Հասնում է մի իրավիճակի, երբ նրանք այլևս ի վիճակի չեն լինում պաշտպանել այնպիսի անձանց, որոնք անընդհատ խնդիրներ են առաջացնում»,- ասել է Տիգրան Քոչարյանը։

Նա կարևորել է նաև Հայաստանում կալանավորված անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների և լրագրողների հարցը միջազգային օրակարգում պահելու անհրաժեշտությունը։

«Մենք ունենք բազմաթիվ մարդիկ, որոնք շարունակում են մնալ կալանավայրերում։ Իմ կարծիքով՝ պետք է կազմակերպել հիշատակի օրեր, տարբեր միջոցառումներ, ապահովել հարցի շարունակական լուսաբանումը լրատվամիջոցներում։ Եվ դա չպետք է սահմանափակվի միայն Հայաստանի տարածքով։

Անհրաժեշտ է հարցը բարձրաձայնել նաև Հայաստանից դուրս, որպեսզի այն պատգամավորները, որոնք այսօր փորձում են աչք փակել տեղի ունեցողի վրա, ի վերջո հայտնվեն այնպիսի իրավիճակում, երբ այլևս չկարողանան չարձագանքել»,- նշել է Տիգրան Քոչարյանը։