Արևմուտքը Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ. Մեդվեդև

28 Հունիսի 2026, 12:53

Քաղաքականություն

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիքի և շահագրգռված է երկրի քաղաքական դաշտի «մաքրումով»։ Ըստ նրա՝ Արևմուտքի միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացներին դարձել է աննախադեպ, ինչի հետևանքով ՀՀ պետական ապարատը փաստացի տեղափոխվել է «ձեռքով կառավարման» ռեժիմի։

Մեդվեդևի պնդմամբ՝ Երևանի քաղաքական հավակնությունները գերակշռել են ազգային շահերին, իսկ քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարներն ու ճնշումները դարձել են գործող իշխանությունների «այցեքարտը»։ Նա նշել է, որ այդ քայլերը սահմանակից են իրավական կամայականությանը և ուղեկցվում են բիզնես ակտիվների խլմամբ։ Որպես օրինակ՝ նա մատնանշել է քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը՝ այն որակելով որպես ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ։

ՌԴ ԱԽ փոխնախագահն ընդգծել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների խզումը Հայաստանի քաղաքացիների համար կունենա ծանր հետևանքներ, մինչդեռ Եվրոպական միությանը դա բացարձակապես չի հետաքրքրում։

«Մոսկվան Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունները կգնահատի ոչ թե հայտարարություններով, այլ գործերով։ Ռուսաստանը ակնկալում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաշվի կառնի ընտրողների մեծամասնության կարծիքը»,- հավելել է Մեդվեդևը։