Արևմուտքում Թուրքիան է, արևելքում՝ Ադրբեջանը, դրանք թուրքական ուժեր են ու ուզում են ոչնչացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան
19 Ապրիլի 2024, 21:40
Այսօր Արցախը կորցրինք, Հայաստանի հերթն է գալիս։ Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
«Սպասելի էր այս ամենը, որովհետև այս քայլը համապատասխանում է Նիկոլ Փաշինյանի զիջողական քաղաքականությանը։ Քանի տարի է՝ փորձում ենք բացատրել հանրությանը, որ Փաշինյանի ծրագիրը զիջելն է Ադրբեջանին ու Թուրքիային։ Այսօր գիտենք, որ Ալիևը ու Էրդողանը որոշել են միասին ձեռքը դնել Հայաստանի վրա՝ Փաշինյանի համաձայնությամբ։ Երբ մենք պաշտպանում էինք Արցախը, մենք միշտ ասում էինք, որ Արցախը պաշտպանելով՝ ոչ միայն արցախահայությանն ենք պաշտպանում, այլև Հայաստանը, որովհետև Արցախը Հայաստանի վահանն է։
Պիտի պայքարենք, որ հայ ժողովուրդը վերադառնա Արցախ։ Այսօր Արցախը կորցրինք, Հայաստանի հերթն է գալիս։ Հայաստանի ժողովուրդը պիտի մտահոգ լինի Փաշինյանի քաղաքականությամբ։ Հակահայ քաղաքականություն է վարում Փաշինյանը և պետք է իսկապես մերժել, ընդդիմանալ, դուրս գալ փողոց, մերժել քաղաքականորեն ու ժողովրդականորեն»,- նշել է Մուրադ Փափազյանը։
Նրա խոսքով՝ Ալիևի ու Էրդողանի նպատակն է Հայաստանը ծնկի բերել, ու Փաշինյանը իրենց գործիքն է։
«Փաշինյանը գործիք է Հայաստանում հակառուս քաղաքականություն տանելու համար ու միջոցներ ստեղծող, որ Ռուսաստանը տկարանա Կովկասում։ Ռուսաստանը Հյաաստանի անվտանգությունն էր։ Արևմուտքում Թուրքիան է, արևելքում՝ Ադրբեջանը, դրանք թուրքական ուժեր են ու ուզում են ոչնչացնել Հայաստանը։ Երբ Փաշինյանը հասավ իշխանության, ինքը դարձավ արևմտամետ։ Անշուշտ, Արևմուտքի մաս կամ Եվրոպայի մաս դարձավ, հատկապես Ֆրանսիան համակրանք ունի Հայաստանի ու Արցախի նկատմամբ, բայց իրականությունը այն է, որ Ֆրանսիան այսօր բավական մենակ է Արևմուտքի մեջ այս համակրանքը Հայաստանի հանդեպ տածելու համար։ Մյուս ուժերը, որ մաս են կազմում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի կողմից են, նաև կախված են Թուրքիայից, որովհետև այդ երկիրը ՆԱՏՕ-ի երկորրդ զինվորական ուժն է և շատ լավ գիտենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն չեն ուզում Հայաստանի հետ, այլ ուզում են ձեռքը դնել Հայաստանի վրա»,- ընդգծել է մեր զրուցակիցը։
Նա մանրամասներ է հայտնել իր ու Ֆրանսիայի ղեկավարության զրույցից, որ ասել են՝ Ադրբեջանի հարձակման դեպքում Արևմուտքը չի պաշտպանի Հայաստանին․
«Խոսել եմ Ֆրանսիայի ղեկավարության հետ։ Ասացի՝ եթե վաղը Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, արդյոք Արևմուտքը պիտի զորքեր ուղարկի, պատասխանը՝ ոչ էր։ Արևմուտքը այսօր ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանը»,- եզրափակել է Մուրադ Փափազյանը։