Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասի տարածաշրջանից. Ստևան Գայիչ
10 Փետրվարի 2025, 22:30
Եվրոպական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Ստևան Գայիչը Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այն հայտարարությունը, թե Մոսկվան դեմ է Երևանի և Բաքվի միջև հապճեպ փաստաթղթերի կնքմանը։
Փորձագետի կարծիքով՝ Արևմուտքը ցանկանում է ցույց տալ, որ Ռուսաստանը դուրս է մնացել Հարավային Կովկասի տարածաշրջանից։
«Արևմուտքի շահագրգռվածությունը հենց Հարավային Կովկասում իր դիրքերի ամրապնդումն է։ ՆԱՏՕ-ի մեկ երկիր՝ Թուրքիան, Ադրբեջանի դաշնակիցն է, իսկ Ֆրանսիան ձևացնելու է, թե ինքը Հայաստանի դաշնակիցն է, և դրանում է ամբողջ խաղը։ Հայաստանն արդեն շատ բան է կորցրել և դեռ կարող է կորցնել։ Այդ ամենն ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ, այսինքն՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա ազդող ուժերի դեմ։
Հենց դրանով է բացատրվում շտապողականությունը։ Նրանք փորձում են ցույց տալ, որ միջնորդն Արևմուտքն է, ոչ թե Ռուսաստանը, որ քաղաքական մակարդակով Ռուսաստանը դուրս է մղված տարածաշրջանից։ Սա նրանց համար կարևոր է, քանի որ պատերազմը մղվում է ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական ճանապարհով։ Եվ ամեն բան, ներառյալ այն, թե որտեղ է ստորագրվում պայմանագիրը և ինչ պայմաններով, նույնպես դիվանագիտական պատերազմի մաս է կազմում», — ասել է Գայիչը:
Նրա խոսքով՝ Արևմուտքը ցանկանում է, որ Ռուսաստանը լիովին կորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում։
«Եւ դրա համար նրանց պետք է Հայաստանը, այսինքն՝ հայերի համաձայնությունը, որպեսզի նրանք մասնակցեն դրան, իսկ հետո Հայաստանի ճակատագիրն իրենց արդեն հետաքրքիր չի լինի։ Իսկ եթե Թուրքիայի և Ադրբեջանի ամբիցիաները շարունակեն ընդլայնվել, նրանց դա բացարձակապես չի հետաքրքրի, նրանց համար կարևորը Ռուսաստանին դուրս մղելն է և Ռուսաստանի ու Հայաստանի, ռուսների ու հայերի միջև հարաբերությունները փչացնելը, որպեսզի հետո դժվար լինի նորից վերականգնել ռազմավարական գործընկերությունն ավելի շահավետ պայմաններով և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար։
Արևմուտքին անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրումը, որպեսզի լուծի իր հարցերը Ռուսաստանի հետ, որպեսզի վնասի Ռուսաստանի շահերին, իսկ երկարաժամկետ հեռանկարում, իհարկե, Հայաստանին և հայերին»,- եզրափակել է Գայիչը։