Արևմտամետության շղարշով Վրաստանը տարան թուրքացման․ նույնը տեսնում ենք Հայաստանում․ Տիգրան Քոչարյան
16 Նոյեմբերի 2026, 22:40
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Սահակաշվիլին շատ նման են իրար։ Երկուսի քաղաքականության մեջ էլ կարելի է նկատել պրոթուրքական ուղղվածություն՝ քողարկված արևմտամետության շղարշով։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը՝ զուգահեռներ անցկացնելով Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքական գործունեության միջև։
Նրա դիտարկմամբ՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում Սահակաշվիլիի քաղաքական ուժի պարտությունը ցույց է տվել, որ արտաքին աջակցությունն ու արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները չեն կարող անվերջ փոխարինել երկրի ներսում առկա խնդիրների լուծմանը։
«Եվրոպան ու Արևմուտքը հոգնել էին Սահակաշվիլիի հետևից անընդհատ նրա քաղաքական սխալներն արդարացնելուց և սրբագրելուց։ Երբ նա պարտվեց ընտրություններում, Արևմուտքը չմիջամտեց՝ նրան իշխանության վերադարձնելու համար։ Սա ցույց տվեց, որ արտաքին աջակցությունն ունի իր սահմանները»,- նշել է Տիգրան Քոչարյանը։
Նրա խոսքով՝ նման իրավիճակի կրկնությունը չի կարելի բացառել նաև Հայաստանում։
«Եթե մեր ընդդիմությունը բոլոր ուղղություններով հետևողական աշխատանք տանի՝ ԵԽԽՎ-ում, Եվրոպական խորհրդարանում, ԱՄՆ կոնգրեսականների և սենատորների հետ,և եթե նրանց սեղանին հայտնվեն փաստեր, նամակներ և տեղեկություններ այն մասին, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, ապա հնարավոր է՝ միջազգային գործընկերների վերաբերմունքը փոխվի։ Պետք է հետևողականորեն ներկայացնել իրականությունը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան գնահատելու տեղի ունեցողը»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։