Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում․ Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի

30 Հուլիսի 2026, 19:19

Հայեր

Այսօր՝ հուլիսի 30-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են մեկնել ՓՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սեդրակյանի գլխավորությամբ, ինչպես նաև Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է․ փրկարարները հայտնաբերել են երիտասարդ կնոջ մարմին։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, տեղակալ Աշոտ Մելքումյանի և Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը։