Առգրավել են համակարգիչներ ու փաստաթղթեր. նոր մանրամասներ՝ «Տաշիր»-ի գրասենյակի խուզարկությունից

02 Հուլիսի 2025, 17:50

Քաղաքականություն

Այսօր Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել «Տաշիր Գրուպ»-ի գլխավոր գրասենյակում: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արմեն Ֆերոյանը մանրամասներ է հայտնել խուզարկությունից:

«Տեղի է ունեցել խուզարկություն, մեզ տրամադրել են դատարանի որոշումը, մենք այն բողոքարկելու ենք: Սա ապօրինությունների շղթա է, որը կանխատեսելի էր: Առգրավել են համակարգիչներ ու փաստաթղթեր»,- մանրամասնել է փաստաբանը:

ՔԿ-ից հայտնել են, որ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ: