Արժանի գնահատանքի փոխարեն՝ Ծառուկյանի նկատմամբ դրսևորվել է անձնական վրեժխնդրություն․ Ներսիկ Իսպիրյան
24 Հուլիսի 2026, 12:15
Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանն անդրադարձել է գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով նրա ներդրումը հայրենիքի զարգացման, մարզաշխարհի և արվեստի ոլորտների աջակցության գործում։
«Պատիվ ունեմ բարեկամական կապեր ունենալու Ծառուկյան ընտանիքի հետ և մի բան կարող եմ ասել․ Գագիկ Ծառուկյանն իր ողջ կյանքի ընթացքում կարող էր իրեն դրսևորել արտասահմանում, իր կարողությունները տեղափոխել այնտեղ և ապրել շատ բարեկեցիկ կյանքով։ Բայց նա չարեց դա․ իր ունեցվածքն ու հնարավորությունները կապեց հայրենի հողի ու ջրի հետ»,- նշել է Ներսիկ Իսպիրյանը։
Երգչի խոսքով՝ արժանի գնահատականի փոխարեն Ծառուկյանը ստացել է անձնական վրեժխնդրության դրսևորումներ։
«Դրանով մենք ավելի ենք ուրախացնում մեր թշնամի հարևաններին և նրանց բերանը լեզու դնում։ Գագիկ Ծառուկյանը երբևէ արժանի չէր նման վերաբերմունքի։ Նա ստեղծել է հազարավոր աշխատատեղեր, աջակցել է մարզաշխարհին, մշտապես կանգնել է արվեստագետների կողքին»,- ընդգծել է վաստակավոր արտիստը։