«Առլեքին»-ի հիմնադիրը, ավանդույթի և նորարարության կամուրջը․ Սերգեյ Մելքոնյան
17 Ապրիլի 2026, 22:30
Դերասան Սերգեյ Մելքոնյանը ծնվել է 1947 թվականի ապրիլի 17-ին, Երևանում։ Թատրոնի հանդեպ սերը նրա մոտ ձևավորվել էր դեռ դեռահաս տարիքից, և պատահական չէ, որ ընտրեց դերասանի մասնագիտությունը։
Սերգեյը սովորել է Երևանի դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայի դերասանական բաժնում՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի ղեկավարությամբ: 1970-ականների սկզբին նա տեղափոխվել է Մոսկվա, և դեռևս ուսանող տարիներին հիմնել է իր սեփական դրամատիկական ստուդիան։ 1972 թվականին ստեղծվել է «Իմպուլս» երիտասարդական թատրոն-ստուդիան, իսկ ավելի ուշ՝ «Ավանգարդ»-ը։ Այս խմբերը միավորում էին ստեղծագործական բուհերի ուսանողներին և երիտասարդ դերասաններին։
1979 թվականի օգոստոսին «Ռոսկոնցերտ»-ի հովանու ներքո պաշտոնապես հիմնադրվել է նոր երաժշտա-դրամատիկական «Առլեքին» թատրոն-անսամբլը։ Թատրոնի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված էի ականավոր վարպետներ Եվգենի Սիմոնովը, Միխայիլ Ուլյանովը, Ալեքսանդր Զուևը, Նիկոլայ Բոգոսլովսկին, ինչպես նաև տիեզերագնացներ Պյոտր Գրեչկոն և Վլադիմիր Ջանիբեկովը։
Մելքոնյանի ղեկավարությամբ «Առլեքին»-ը դարձել է ԽՍՀՄ-ում առաջատար և ինքնատիպ թատրոններից մեկը։ Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել ամբողջ Միությունում՝ ելույթ ունենալով Հայաստանում, Ղազախստանում, Լատվիայում, իսկ հետագայում նաև ԱՄՆ-ում և այլ երկրներում։ 1989 թվականին Մելքոնյանը հիմնադրել է Միջազգային թատերական հիմնադրամը (Melkonian Theatre Arts Foundation) և բացել Ռուսաստանում առաջին մանկական թատերական լիցեյը՝ շարունակելով իր մանկավարժական գործունեությունը։
«Առլեքին» թատրոնը գործել է մինչև 2018 թվականը՝ մնալով ստեղծագործական փորձարարությունների յուրահատուկ հարթակ և նոր սերնդի դերասանների դաստիարակման կենտրոն։ Մելքոնյանը դրա անփոփոխ գեղարվեստական ղեկավարն էր։
Սերգեյ Մելքոնյանի հաջողվել է միավորել հայկական և ռուսական թատերական ավանդույթները և այն հասցնել միջազգային հնչեղության։ Նրա «Առլեքին» թատրոնը դարձել է ստեղծագործական որոնումների և ազատության խորհրդանիշ, իսկ նրա մանկավարժական գործունեությունը՝ ներդրում նոր սերնդի արվեստագետների ձևավորման գործում։