Արմեն Հակոբը կներկայացնի Եգիպտոսը Վենետիկի 61-րդ բիենալեում

19 Մարտի 2026, 16:28

Հայեր

Հակոբը ծնվել է Կահիրեում, սակայն ներկայումս բնակվում է Եվրոպայում: Եգիպտական տաղավարը կկրի «Լռության տաղավար. շոշափելիի և անշոշափելիի միջև» («Silence Pavilion: Between the Tangible and the Intangible») խորագիրը: Արվեստագետը մտադիր է այն վերածել «լսելու տարածության»:

Այցելուներին կառաջարկվի պահպանել լռություն և հրաժարվել լուսանկարահանումից, որպեսզի կենտրոնանան ներքին մտորումների և արվեստի ընկալման վրա՝ զերծ ժամանակակից աշխարհի իրարանցումից: Ցուցադրությանը կներկայացվեն գրանիտե քանդակներ և գեղանկարչական աշխատանքներ, որոնք աչքի են ընկնում իրենց ասկետիզմով ու մեդիտատիվ բնույթով:

Հատկանշական է, որ նկարիչը դեռևս 2011 թվականին էր հրավեր ստացել ներկայացնելու Եգիպտոսը, սակայն այն ժամանակ նա հրաժարվել էր՝ համարելով, որ իր «լուռ» ձայնը համահունչ չէ Կահիրեում տեղի ունեցող հեղափոխական իրադարձություններին:

Վենետիկի 61-րդ բիենալեն տեղի կունենա 2026 թվականի մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը: Հիմնական հարթակները կլինեն ավանդական վայրերը՝ Ջարդինիի այգիները և Արսենալը, ինչպես նաև քաղաքի այլ վայրեր։