Armenian Business Forum-ը դարձել է գլխավոր գործարար հարթակը՝ Հայաստանի և Ռուսաստանի գործարարների փոխգործակցության ամրապնդման համար

27 Մայիսի 2024, 22:30

Տնտեսություն և Բիզնես

Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Armenian Business Forum 2024-ը կազմակերպել էր Հայ գործարարների ասոցիացիան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։

Այս տարի համաժողովը համախմբել էր շուրջ 400 մասնակցի՝ Հայաստանից և Ռուսաստանից, որոնց թվում էին ինչպես խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, այնպես էլ սկսնակ գործարարներ։

Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, ազդարարելով համաժողովի մեկնարկը, կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդումը․ «Մեր խնդիրն է, որպես հայ գործարար համայնք, պահպանել և ընդլայնել այդ հարաբերությունները։ Համախմբվել և կամուրջ դառնալ մեր երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման համար»։

Ըստ Սամվել Կարապետյանի՝ ոչ մի արտաքին հանգամանք չի կարող և չպետք է խոչընդոտ հանդիսանա հայ-ռուսական համագործակցության մասնակիցների համակարգված աշխատանքի, գործընկերության և համագործակցության զարգացման համար:

«Հայաստանի ներկայիս քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել Սփյուռքի շահերը, որն աշխատում է ոչ միայն ի շահ Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի: Ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամուր հենարանն է»,- ելույթի ընթացքում շեշտել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ «Հայ-ռուսական բիզնես ինտեգրում. նոր հեռանկարներ» թեմայով։

Քննարկման մասնակիցները անդրադարձան Հայաստանի արդյունաբերության զարգացման նոր տեպերի հեռանկարներին, ֆինանսական շուկայի մեծ ներուժին, ինչպես նաև տնտեսության զարգացման առավել հետաքրքիր ուղղություններին։ Եվ այս ամենը քննարկվեց՝ ինչպես Հայաստանը աշխարհում առաջացած նոր իրողությունների ֆոնին ճիշտ մոտեցումներ որդեգրի տնտեսության զարգացման համար։ Այս համատեքստում առանձնահատուկ շեշտվեց ԵԱՏՄ-ի դերն ու նշանակությունը։

Armenian Business Forum 2024-ի շրջանակներում ներկայացվեց նաև Հայ գործարարների ասոցիացիայի 5-ամյա գործունեության արդյունքներն ու իրականացված ներդրումային ծրագրերը։ Ասոցիացիայի ռազմավարական նպատակն ամբողջ աշխարհում ակտիվ բիզնես ցանցի ստեղծումն է։