Առնո Ավետիսյանը՝ «Bohdan Tomaszewski Cup 2026» պատանեկան մրցաշարի հաղթող

02 Սեպտեմբերի 2026, 19:30

Սպորտ

16-ամյա թենիսիստ Առնո Ավետիսյանը հաղթող է դարձել Լեհաստանում անցկացված «Bohdan Tomaszewski Cup 2026» միջազգային պատանեկան մրցաշարում։

Սա Հայաստանի պատմության մեջ առաջին հաղթանակն է առաջին կարգի միջազգային պատանեկան մրցաշարում։ Մենախաղի եզրափակչում հայ մարզիկը 6։2, 7։5 հաշվով հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Իգոր Բարտնիկին։ Մրցաշարի ընթացքում հայ թենիսիստը հաղթել է նաև Լեհաստանի երեք այլ մարզիկների և Սերբիայի մեկ ներկայացուցչի։

Ավետիսյանը հաջողության է հասել նաև զուգախաղում։ Ուկրաինացի Վլադիսլավ Բոգոմոլկինի հետ նա նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակչում 6։2, 6։2 հաշվով հաղթելով լեհ զույգին։

Այսպիսով, Ավետիսյանը Լեհաստանում անցկացված մրցաշարն ավարտել է երկու տիտղոսով՝ մենախաղում և զուգախաղում։

Հեղինակավոր «Bohdan Tomaszewski Cup 2026»-ը՝ Tennis Europe-ի մինչև 16 տարեկանների առաջին կարգի մրցաշարը, Վարշավայում անցկացվել է օգոստոսի 23-29-ը։

Հիմա եթերում