Արքայադուստր Դիանայի՝ Քրիստինա Ստամբոլյանի ստեղծած «վրեժի զգեստը» կհանվի աճուրդի
22 Սեպտեմբերի 2026, 14:40
Արքայադուստր Դիանայի լեգենդար «վրեժի զգեստը» (Revenge Dress), որը ստեղծել է հայկական ծագում ունեցող դիզայներ Քրիստինա Ստամբուլյանը, կներկայացվի աճուրդում։ Sotheby’s-ի աճուրդը կանցկացվի դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում։ Նախնական գնահատմամբ՝ խորհրդանշական զգեստը կարող է վաճառվել 150 հազարից մինչև 300 հազար դոլարով։
Արքայադուստր Դիանան այդ զգեստը Ստամբուլյանից գնել էր 1991 թվականին, սակայն երկար ժամանակ չէր համարձակվում կրել այն, քանի որ այն համարում էր չափազանց համարձակ և արքայական արարողակարգին չհամապատասխանող։
Սակայն 1994 թվականի հունիսի 29-ին, երբ նրա ամուսինն՝ արքայազն Չարլզը, հրապարակավ խոստովանել է ամուսնական դավաճանությունը, Դիանան հենց այս զգեստն է ընտրել Լոնդոնի «Serpentine» պատկերասրահում բարեգործական միջոցառման այցելության համար։
Համարձակ կերպարը հաջորդ օրը հայտնվել է աշխարհի բոլոր խոշոր թերթերի առաջին էջերին և ակնթարթորեն դարձել կանացի անկախության ու ինքնավստահության խորհրդանիշ։
Քրիստինա Ստամբուլյանը ծնվել է Աթենքում՝ հայ փախստականների ընտանիքում։ Նրա հայրը դերձակ էր, իսկ մայրը՝ ասեղնագործության վարպետ։ Հետագայում նա տեղափոխվել է Անգլիա, որտեղ սկսել է իր կարիերան նորաձևության ոլորտում։ Քրիստինա Ստամբուլյանը ստեղծել է երեկոյան և հարսանեկան զգեստներ, Լոնդոնում և Փարիզում բացել է բուտիկներ, իսկ այժմ ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ։