Արսեն Գևորգյանի մահը իշխանության բռնաճնշումների հետևանք էր․ Սևակ Խաչատրյան

11 Նոյեմբերի 2026, 12:41

Քաղաքականություն

Արսեն Գևորգյանի հետ կատարվածը բոլորի համար է ակնհայտ, կարծում եմ՝ նույնիսկ ՔՊ-ականների։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանն՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանն ու արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարություններին։

«Դա իշխանության բռնաճնշումների հետևանքով տեղի ունեցած ցավալի և ողբերգական դեպք էր»,- նշել է նա։

Սևակ Խաչատրյանի խոսքով՝ Սրբուհի Գալյանի խոսքում անգամ խղճի խայթի նշույլ չի նկատել՝ հաշվի առնելով, որ երիտասարդ տղամարդը մահացել է պետության հովանու ներքո գործող կալանավայրում։

«Ասում է՝ մահեր լինում են և՛ կալանավայրում, և՛ կալանավայրից դուրս։ Բոլորը դա շատ լավ հասկանում են, Նիկոլ Փաշինյանն էլ էր ասում՝ քանի դեռ մեքենաներ կլինեն, կլինեն նաև ավտովթարներ։ Բայց հարցն այն է, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այդ մահը։ Եթե Արսեն Գևորգյանը կալանքի տակ չլիներ, արդյո՞ք տեղի կունենար այն, ինչ տեղի ունեցավ նրա հետ»,- ասել է Սևակ Խաչատրյանը։

Հիմա եթերում