Արտակարգ դեպք և ծեծկռտուք Դաշտավանում․ կան 10-ից ավելի վիրավորներ, հնչել են կրակոցներ

09 Օգոստոսի 2026, 11:59

Հայեր

Օգոստոսի 9-ին արտակարգ դեպք է գրանցվել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դաշտավան բնակավայրի գլխավոր խաչմերուկում զանգվածային ծեծկռտուք է ընթանում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ ոստիկանության Արարատի մարզային քրեական վարչության և Մասիսի բաժնի ծառայողները, ժամանելով դեպքի վայր, հաստատել են ստացված տեղեկությունը։ Տարածքում հայտնաբերվել են քարեր, փայտեր, արնանման հետքեր, հողաթափեր, գլխարկներ և այլ իրեր։ Դեպքի վայր են ժամանել նաև Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։

Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով 10-ից ավելի քաղաքացի բուժօգնության դիմելու նպատակով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։ Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ․ այս տեղեկությունը ներկայումս ճշտվում է իրավապահների կողմից։

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։