Արտառոց դեպք՝ ՔԿ–ի դիմաց․ ավելի քան 20 հոգով ծեծել են 2 քննիչի

22 Օգոստոսի 2026, 18:24

Քաղաքականություն

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներից մեկը ավելի քան 20 անձի հետ դաժան ծեծի է ենթարկել 2 քննիչի։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ ishkhanutyun.am–ը, այնուհետև՝ armlur.am–ը գրել էին, որ քննիչները` վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին։ ishkhanutyun.am–ը գրել էր, որ ծեծկռտուքը եղել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության շենքում` վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ։

«Կայքերի հրապարակած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, օբյեկտիվ փաստարկումներից զրկված, մտացածին զրպարտություն է և նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել իրականությունից: ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողը և վերջինիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձ ՀՀ ՔԿ Երևանի վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչի նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի են ենթարկել»,– գրել է Ավդալյանը։

Օգոստոսի 21-ին դեպքի առնչությամբ, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ: Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ»,–գրել է ՔԿ խոսնակը:

Նա հայտնել է նաև, որ ձերբակալվելուց հետո ոստիկանն անձամբ, ինչպես նաև իր պաշտպանի միջոցով քննիչին հայտնել է, որ իրեն խոշտանգել են։ Այդ հայտարարությունից հետո քննիչի նախաձեռնությամբ կազմակերպվել է ձերբակալվածին ինչպես վարչական շենքում, այնպես էլ համապատասխան բուժհաստատություններում բժշկական զննման ենթարկելու գործընթացը։

Դրանց արդյունքում հերքվել է ենթադրաբար բռնության ենթարկվելու դեպքը:
Քրեական վարույթով կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործության դեպքը բացահայտելու, բոլոր մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հիմա եթերում