Աշխարհաքաղաքական դերակատարները պետք է իմանան՝ չենք հրաժարվելու մեր սկզբունքից՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. Բաբայան

05 Հունիսի 2023, 11:18

Առաջին հերթին | Կարծիք

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ սկզբունքային քաղաքականություն վարելու դեպքում հնարավոր է փրկել Արցախը:

«Դա նշանակում է, որ բոլոր աշխարհաքաղաքական դերակատարները պետք է իմանան՝ մենք ունենք սկզբունքներ, որոնցից չենք հրաժարվելու, իսկ մեր սկզբունքը հետեւյալն է. մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում:

Եթե որեւէ մեկը փորձում է մեզ խցկել այնտեղ, ուրեմն մենք երկու ելք ունենք. կա՛մ պատերազմում ենք, կոտորվում, հաղթում, կա՛մ թողնում ենք բիբլիական ձեւով դուրս ենք գալիս: Եթե իմանան, որ մենք հաստատակամ ենք եւ արժանապատվություն ունենք, այդ սցենարը չի աշխատելու:

Եթե ասեն՝ սրանք անարժանապտիվ են, ինչ ասում ենք՝ անում են, ամեն ինչ էլ մեր գլխներին փաթաթելու են»,- Alpha News-ի եթերում ասել է Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ Արցախում Սփյուռքից ակնկալում են արցախակենտրոն քաղաքականություն:

«Մենք տեսնում ենք, որ Սփյուռքը պայքարում է Արցախի համար, բայց անհրաժեշտ է արմատական փոփոխություններ անել, ռազմավարության մեջ փոփոխությունների կարիք կա: Տարիներ շարունակ Սփյուռքի աշխատանքը հիմնված է եղել արժեքների, արդարության գաղափարների վրա:

Մենք շատ մեծ բարձունքների ենք հասել, բայց հիմա իրավիճակը փոխվել է, մենք մտել ենք մերկ աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ այդ գաղափարներն այլեւս չեն աշխատում:

Հետեւաբար Սփյուռքը պետք է սա հաշվի առնի ու փոփոխություններ անի իր ռազմավարության մեջ: Օրինակ, հրեական Սփյուռքը ոչ թե խնդրում, այլ պարտադրում է իր շահերը: Մենք էլ պետք է այդ փոփոխություններն անենք»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով Սփյուռքի՝ Արցախից ակնկալինքներին եւ հարցին, թե ինչու հստակ ուղերձներ չեն հղում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա անունը խուսափում են տալ որպես գլխավոր մեղավոր, Դավիթ Բաբայանն ասաց.

«Որեւէ մեկը չի վախենում ինչ-որ հարցեր բարձրաձայնել, հարկ եղած դեպքում մենք ում պետք է քննադատում ենք, բայց ես չեմ ուզում, որ ներքաղաքական գործընթացներում Արցախը դառնա թիրախ ու գործիք:

Մենք չպետք է սա թույլ տանք, որովհետեւ որոշ ուժեր սա օգտագործում են՝ հասարակությանը բաժանելով հայաստանցիների ու արցախցիների միջ:

Հայության համար Արցախը պետք է լինի արժեք, գաղափար, հետեւաբար մենք պետք է շատ նուրբ մոտենանք այդ հարցին, դա չի նշանակում լինել հլու-հնազանդ, բայց սահմանը պետք է պահպանել»: