Աշխարհից մեկուսացված արցախահայության խոսքը` ֆրանսիացի արվեստագետների շուրթերով. բացառիկ երեկո «Գավո» համերգասրահում
29 Հունիսի 2023, 23:25
Փարիզի «Գավո» հայտնի համերգասրահում կայացել է «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» խորագիրը կրող բացառիկ երեկո՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի։
Շուրջ երկու տասնյակ ֆրանսիացի արվեստի գործիչներ բարձրաձայնել են աշխարհից մեկուսացված արցախահայության խոսքը և նրանց հուզիչ նամակների ընթերցման միջոցով հանդիսատեսին ներկայացրել արցախահայերի՝ գոյաբանական մարտահրավերներով լեցուն առօրյան ու նրանց ապրումները։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ, երեկոյի ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել ֆրանսիացի մի շարք անվանի մտավորականներ և գրողներ, որոնց թվում էին հանրահայտ գրող, փիլիսոփա և ճանապարհորդ Սիլվեն Տեսոնը, «Le Figaro» ամսագրի խմբագրի տեղակալ, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, գրող, ռազմական լրագրող, Մարդու իրավունքների հարցերով Ֆրանսիայի նախկին դեսպան Օլիվիե Վեբերը, գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները, ֆրանսահայ անվանի ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանը։
Մտավորականներն ահազանգ են հնչեցրել Ադրբեջանի կողմից շուրջ 200 օր շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի վիճակի և այն սպառնալիքների կապակցությամբ, որոնց Արցախի ժողովուրդն այսօր առերեսվում է։ Նրանք իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին՝ ընդգծելով շրջափակումն անհապաղ վերացնելու և արցախահայության՝ իր հայրենի հողի վրա անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքը երաշխավորելու նպատակով միջազգային հանրության կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Ավելի վաղ Alpha News-ի հետ զրույցում Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ասել էր.
«Մեր նպատակը Ֆրանսիայի հասարակությանը իրազեկ պահելն է, որ տեղեկատվության մեծ ալիքի համապատկերում Արցախի հարցը Ֆրանսիայում անուշադրության չմատնվի և շարունակի մնալ հանրային տիրույթում»։