Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
28 Մարտի 2024, 19:30
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/03/28191138/7438a05e-7a25-4efb-8fb4-1af5152f16a1-a493c109.webp)
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը:
Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Ապաշխարողաց կարգ:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Միջօրեի ժամերգությանը և Սուրբ Պատարագի արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանը, ով Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցեց նաև Սուրբ Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդության մասին» ճառը: