Ավետիք Գևորգյան․ «Տղամարդիկ» ֆիլմի գլխավոր հերոսը
05 Դեկտեմբերի 2024, 23:47
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Դերասան Ավետիք (Ավետ) Գևորգյանն, ում մեծ ճանաչում բերեց էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմում Արամի կերպարը, այսօր կդառնար 84 տարեկան։
Ավետ Գևորգյանը ծնվել է 1940թ. դեկտեմբերի 5-ին Երևանում, 1957թ-ին ավարտել է Երևանի Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել է Երևանի թեթև արդյունաբերության տեխնիկումի կոշիկի տեխնոլոգիայի բաժին։
1960 թվականից Գևորգյանն աշխատել է «Նաիրի» կոշիկի ֆաբրիկայում՝ որպես ձևավորող, իսկ 1971 թվականից միաժամանակ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և նկարահանվել է ֆիլմերում։
Շատերը նրան հիշում են «Տղամարդիկ», «Համագյուղացիներ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Լեգենդ ծաղրածուի մասին» ֆիլմերից։
«Տղամարդիկ» հայկական սիրային կատակերգական կինոնկարը, որը նկարահանվել է 1973 թվականին, հայկական կինեմատոգրաֆի ամենաառանցքային ֆիլմերից մեկն է։ 2007 թվականին Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում տեղադրվել է «Տղամարդիկ» հուշարձանը՝ նվիրված ֆիլմի հերոսներ Ֆրունզիկ Մկրտչյանին, Ազատ Շերենցին, Ավետիք Գևորգյանին և Արմեն Այվազյանին։
Ավետիք Գևորգյանը նաև հայտնի հայ երգիչ, թմբկահար և դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արամոյի հայրն է, ով 1989 թվականին «Յուրմալա» երաժշտական մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը և ստացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Ավետիքի քուրը կինոդերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Լաուրա Գևորգյանն է։
Ավետ Գևորգյանը կյանքից հեռացել է 1984 թվականի ապրիլի 22-ին՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո: