Ախալքալաքում նշել են Սուրբ Զատիկը
02 Ապրիլի 2024, 17:23
Ախալքալաքում Հայ Առաքելական եկեղեցու բոլոր հավատացյալները նշել են Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Այս տոնը տարվա ՀԱԵ-ի 5 հիմնական տոներից մեկն է:
Ինչպես հայտնում է jnews.ge-ն, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Հարության տոնական պատարագը մատուցել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վրդ. Հմայակյանը։
Եկեղեցում պատարագից հետո տեղի է ունեցել հավկիթների օրհնման արարողություն և դրանք բաժանվել են հավատացյալներին:
Զատկի տոնական սեղանի պարտադիր մաս են կազմում՝ ներկված հավկիթները, կանաչին, բրնձով-չամիչով փլավը, ձուկն ու գինին: Ձուն հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշն է, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչված Քրիստոսի, մարդկանց փրկության համար թափված արյունը: