Ախալքալաքում նշում են Սուրբ Սարգսի տոնը
Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն այս տարի նշվում է հունվարի 27-ին: Ջավախքում սա միակ եկեղեցական տոնն է, որ հազարավոր երիտասարդներ հունվարի 26-ի՝ լույս 27-ի գիշերը ուխտի են գնում Դիլիսկա գյուղի սիրո բարեխոսի անունը կրող եկեղեցի:
Ինչպես հայտնում է jnews.ge-ն, այս օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված, եկեղեցում մոմեր են փոխանակում, փոխանակած մոմերը տուն են տանում և դնում բարձի տակ՝ ակնկալելով երազում տեսնել սիրելիին, ապագա կնոջը կամ ամուսնուն:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիս զորավարը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև` ժողովրդական սովորույթներով: Նա սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: