Axios-ը հայտնել է Ուիթքոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո Ռուսաստան այցելելու ծրագրի մասին

20 Հոկտեմբերի 2026, 12:40

Միջազգային

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հույս ունի այցելել Ռուսաստան և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Օսլոյում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Axios պորտալի և իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ Ուիթքոֆն այժմ մեկնում է Օսլո, որտեղ հոկտեմբերի 20-ին կհանդիպի Զելենսկու հետ։ Սպասվում է, որ խորհրդակցություններին կմասնակցեն նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարության ներկայացուցիչները։

«Հանդիպման նպատակն է շարունակել համապարփակ առաջարկի համաձայնեցումը, որը կարող է հիմք դառնալ Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու համար»,- նշել է Ռավիդը։

Նրա զրուցակցի խոսքով՝ Օսլոյից հետո Ուիթքոֆը մտադիր է այցելել Ռուսաստան, որտեղ հույս ունի Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի և եվրոպական գործընկերների հետ համատեղ մշակված առաջարկները։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ անցած շաբաթ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչները տեխնիկական մակարդակով աշխատել են այդ առաջարկների մշակման ուղղությամբ։

Հիմա եթերում