Աղիքային վարակ Վանաձորում. 6 մարդ հոսպիտալացվել է
15 Օգոստոսի 2026, 19:20
Հայաստանում կրկին աղիքային վարակի դեպք է գրանցվել, այս անգամ` Լոռու մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ։ Կենտրոնի մասնագետների իրականացրած համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին: Միջոցառումից հետո սննդի մի մասը տարել են իրենց հետ և տանը կերել, դրանից հետո ի հայտ են եկել գանգատներ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։
Դեպքի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը։
Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։