Այդ վերաբերմունքը պետք է փոխադարձ լինի. իրավապաշտպանը՝ հետախուզվողներին Թուրքիա արտահանձնելու մասին

20 Հունվարի 2025, 22:30

Քաղաքականություն

Փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնելու մասին։

Իրավապաշտպանը նած նշել է, որ քաղաքացիների արտահանձնման համար պարտադիր չէ ունենալ երկկողմ դիվանագիտական հարաբերություններ:

«Ամեն դեպքում, Հայաստանն էլ, Թուրքիան էլ հանձնման վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություններ են ու որոշակի իրավական պարտավորություններ ունեն, այդ թվում՝ Ինտերպոլի շրջանակներում որոշակի համագործակցություն: Այլ հարց է, որ այդ համագործակցությունը կարող է լինել հեշտ կամ դժվար՝ կախված նրանից, թե պետություններն ինչքանով են հակված միմյանց հանդեպ ավելի հեշտ գործիքակազմ կիրառել: Այս պարագայում պետք է պարզապես խորանալ, թե ինչ հանգամանքներ են եղել, ովքեր են եղել հանձնվող մարդիկ ու ինչի համար են հետախուզվել, որովհետև իրավական բնագավառում հնարավոր է ընթացակարգեր լինեն: Ինչքան հասկացա մամուլում տարածված լուրերից՝ անձինք հետախուզվում են ծանր հանցագործությունների, շորթումների, հարձակումների համար»,- ասել է Խուդոյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ վերաբերմունքը պիտի փոխադարձ լինի:

«Այս անձանց փոխանակումը հուշում է, որ այդ վերաբերմունքը պիտի փոխադարձ լինի: Եթե Հայաստանը նման խնդիր ունենա, Թուրքիան էլ համապատասխանաբար պիտի արձագանքի»,- ընդգծել է Հովհաննես Խուդոյանը: