Այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, ժամանակի հարց էր. Տիմոֆեյ Երմակով
02 Հուլիսի 2025, 22:30
Ռուս լրագրող և ռազմական թղթակից Տիմոֆեյ Երմակովը Alpha News-ի հետ զրույցում վերլուծել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լուրջ ճգնաժամը՝ Եկատերինբուրգում ռուս ուժայինների գործողությունների ֆոնին։
«Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է փնտրել տնտեսական պատճառներ այն ամենի հետևում, ինչ տեղի է ունենում և շրջապատում է մեզ։ Կարծում եմ և հույս ունեմ, որ ոչնչացվել է Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը, որը մասնակցային բաժնով պատկանում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին։ Նրանք Ուկրաինայի հետ ստորագրել են պայմանագիր՝ 1 300 000 տոննա ադրբեջանական նավթի փոխադրման վերաբերյալ։ Բացի այդ, նրանց են պատկանում նաև մեր կողմից ռմբակոծված Իլյիչովկայի, Օդեսայի նավթալցման ձեռնարկությունները։
Եվ, իհարկե, մեր կողմից, ես՝ որպես Ռուսաստանի քաղաքացի, դա գնահատում եմ որպես մաքսիմալ դրական քայլ, քանի որ մենք անցել ենք որոշակի սահմաններ, երբ մեզ համար հատուկ ռազմական գործողության հաղթանակը և Ուկրաինան նավթից, նավթամթերքներից ու վառելիքից զրկելն ավելի կարևոր է, քան Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների պահպանումը, որոնք, անկասկած, եղել են՝ դատելով այն փաստից, որ մենք սկսել ենք ռմբակոծել նրանց միայն պատերազմի չորրորդ տարում։
Իհարկե, դա ցավոտ է ընկալվել ադրբեջանական կողմից, բայց այստեղ նրանք պետք է իրենք իրենցից նեղանան, իմ կարծիքով, որովհետև եթե որոշել են խաղալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Ստանդարտ օյլ» ընկերության դերը, որը մեզ և գերմանացիներին վառելիք էր մատակարարում՝ շահույթ ստանալով երկու պատերազմող կողմերից էլ, ապա պետք է պատրաստ լինեք ռիսկերին։ Եթե ուզում եք գումար վաստակել մեր թշնամիներին նավթի և նավթամթերքի մատակարարումից, ապա ռիսկերը բավականին զգալի կլինեն»,- հայտարարել է Երմակովը։
Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցն է, ապա Երմակովը մատնանշել է նրա անվստահելի լինելը։
«Ադրբեջանը զզվելի դաշնակից է։ Եվ, բնականաբար, վաղ թե ուշ այս ամենը պետք է բացահայտվեր։ Բացահայտվել են բազմաթիվ փաստեր նաև Ադրբեջանից զենիթային կայանքների գնումների մասին։ Դրա մասին մենք իմացանք Կիևի դատարանում դատական քննության ընթացքում։ Բացահայտվել է Ադրբեջանում ուկրաինական բանակի համար անօդաչու թռչող սարքերի և միաժամանակ զինամթերքի արտադրության սխեման։ Կարծում եմ՝ դա միակ ձեռնարկությունը չէ։ Ես և իմ գործընկերները զգուշացրել ենք, թե ինչով կավարտվի Հայաստանի ջախջախումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի օկուպացիան։ Հայ ժողովրդի ողբերգությունից, ավելի քան 100 000 մարդու հերթական տեղահանումից բացի, մենք կստանանք Ադրբեջանի ուժեղացում և խնդիրներ այստեղ։ Եթե այնտեղ զիջենք, այստեղ հետևանքները կզգանք։ Ահա և արդյունքը։ Մենք ճիշտ էինք…»,- նշել է լրագրողը։
Նրա խոսքով՝ միանգամայն հնարավոր է, որ սպառնալիքը (Ռուսաստանի համար) կգա ոչ միայն դիվանագիտական գծով, այլև Ադրբեջանի տարածքում ռուսական անձնագրեր ունեցող որոշ մարդկանց ձերբակալություններով։
«Միանգամայն հնարավոր է, որ Ադրբեջանը՝ որպես արդեն թուրքական վիլայեթի տարածք և փաստացի Թուրքիայի արբանյակ՝ ամբողջությամբ թուրքական զինված ուժերով, ամեն դեպքում՝ հրամանատարությամբ, կարող է օգտագործվել որպես հարվածային ուժ, ինչպես Ուկրաինան։ Մենք ունենք 300 կիլոմետր սահման։ Այնտեղ Դաղստանն է։ Եվ այն պահին, երբ մենք արդեն կսկսենք ճնշել ուկրաինացի նացիստներին մարտի դաշտում, մեզ համար երկրորդ ճակատ կբացվի»,- նկատել է Alpha News-ի զրուցակիցը։
Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ, Երմակովը նշել է, որ եկեղեցին և Կաթողիկոսը հայերի միակ հույսն են՝ դուրս գալու ծանր ժամանակներից։
«Եկեղեցին իսկապես հեղինակություն է։ Ավելին, պատերազմում պարտվելուց հետո, հատուկ պարտությունից հետո, մարդիկ ընկճված են, ազգը բարոյապես ընկճված է։ Եկեղեցին այս դեպքում հայերի համար հանդես է գալիս որպես փրկիչ, փրկություն։ Պետք է վերադառնալ արմատներին։ Ինչ են հայերը սիրում անել՝ իմանալ իրենց պատմությունը, հպարտանալ անցյալի հաղթանակներով, դրանում ոչ մի վատ բան չկա։ Պարզապես պետք է վերջապես հիշել այն, ինչն ուժեղացրել է հայ ժողովրդին, ինչն է նրան միավորել, և ինչ է նա կրել բոլոր փորձությունների միջով և համախմբվել Կաթողիկոսի շուրջ. նա է հիմա միակ մարդը, ով կկարողանա ժողովրդին տանել իր հետ դեպի լույս՝ ընդդեմ չար ուժերի»,- ասել է Երմակովը։
Ռազմական թղթակիցը նշել է` տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանը շտապում է․ «Ահա զգացվում է այդ շտապողականությունը որոշումների, գործողությունների մեջ, դրանք դառնում են ավելի կտրուկ, ավելի կոպիտ։ Ընդհանրապես, բացարձակապես նրբանկատ չեն։Իսկ Սամվել Կարապետյանի բիզնեսը զավթելու նպատակը ակնհայտ էր։ Նա փաստացի չեզոքացվել է։ Պետք է հասկանալ ևս մի բան՝ ընտրությունները մոտենում են, կարծում եմ, որ նա շտապում է այդ պատճառով։
Հակահայտնիությունն ու հակառեյտինգը, որը Փաշինյանը ձեռք է բերել, պարզապես այլ ընտրություն չեն թողնում։ Բայց նա կարող է անել հետևյալը՝ գնալ որոշակի քաղաքական արկածախնդրության, որը թույլ կտա նրան արտահերթ ընտրություններ անցկացնել։ Դրանում նրան կարող է օգնել, օրինակ, Ադրբեջանը։ Կամ ինչպես Զելենսկու դեպքում, ռազմական դրություն մտցնել մինչև լավագույն ժամանակները, երբ Ադրբեջանը ռազմական կոնֆլիկտ կսկսի։ Եվ դա շատերի վրա կազդի, ցավոք։ Եվ նա չի վերընտրվի։ Զելենսկին ցույց տվեց, որ այդպես կարելի է անել»,- եզրափակել է Երմակովը։