Այս երթը ինքնամաքրվելու մասին է, ինչո՞ւ են վախենում իշխանությունները. Բագրատ Սրբազան
07 Մայիսի 2024, 22:00
Սահմանազատման գործընթացի կասեցման պահանջով երթը շարունակվում է: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթն այսօր Կոտայքի մարզի Սոլակ գյուղից շարժվել է դեպի Չարենցավան քաղաք:
Alpha News-ի նկարահանող խումբը երթը լուսաբանել է տեղում և զրուցել քաղաքացիների հետ Տավուշից սկիզբ առած պայքարի նպատակների մասին:
Բագրատ Սրբազանն ընդգծել է՝ շարժումը տանում է դեպի հաղթանակ։
«Այն ստորացումից, նվաստացումից, արժեզրկումից, ինքնության կորստից, ազգային հոգևոր նկարագրից զրկված մարդկանց ազատելու շարժում է։ Մենք եկել ենք հաշտություն, խաղաղություն բերելու։ Այս երթը ինքնամաքրվելու մասին է, ինքնաճանաչողության մասին է»,- ասել է նա։
Անդրադառնալով հարցին՝ թե պահանջելո՞ւ են իշխանափոխություն, Սրբազանը նշել է․
«Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց պատերազմի մունետիկը փորձում է մարդկանց պատերազմ հրահրելու մեջ մեղադրել։ Նրանց գործը պետք է այն լինի, որ բանակցությունների սեղանին երկրի շահը հետապնդեն, որ մարդիկ նվաստացած, ստորացած չլինեն։ Բայց նրանք այս ամենը չեն անում, այսինքն՝ իշխանություն չկա, իսկ եթե չկա՝ ինչը փոխես»։