Այս գործը բացառապես քաղաքական է․ Ագնեսա Խամոյանը՝ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի մասին
22 Հոկտեմբերի 2026, 16:46
Ո՛չ Քննչական կոմիտեն, ո՛չ էլ Դատախազությունը որևէ իրավական հիմնավորում չեն ներկայացրել, թե ինչու պետք է կիրառվի կալանքը։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Հիշեցնենք, որ դատարանը քննում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։
«Արդեն երկու ամիս է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են «Երևան» ՔԿՀ-ում։ Անձամբ տեսել եմ նախագահի պահման պայմանները, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում Կառավարության սահմանած չափանիշներին։ Հիմա էլ, երբ Դատախազությունը միջնորդում է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում»,- նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ընթացող գործընթացները զուրկ են իրավական հիմքերից։
«Այս գործը բացառապես քաղաքական է և մեկ մարդու անձնական ցանկությունն ու վրեժխնդրությունը»,- նշել է Ագնեսա Խամոյանը։