Այս գյուղերը սկուտեղի վրա մատուցում են թշնամուն․ Գառնիկ Դանիելյան
22 Ապրիլի 2024, 22:06
Մարդիկ իրենց փոքրիկների հետ այս պահին ճանապարհին են։ Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մանրամասներ հայտնելով Տավուշի՝ այսօրվա լարված իրավիճակից։
«Այս պահին Կիրանց գյուղում եմ։ Ոչ միայն Կիրանց գյուղի, նաև հարակից գյուղերի բնակիչներն են այստեղ։ Նրանք իրենց փոքրիկների հետ, ամբողջ տնով հենց հիմա ճանապարհին են, այստեղ են նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորները, մարզերից տարբեր մարդիկ։ Նրանք սպասում են հանձնաժողովի նիստի արդյունքներին, թե ինչ պատասխան պետք է տան, որովհետև այս պահին դեռ շարունակվում է նիստը։ Ամբողջ օրվա ընթացքում այստեղ շատ լարված իրավիճակ է եղել, որովհետև նորից մեզ՝ բոլորիս, խաբել են՝ ասելով, որ գործընթացը դադարեցված է, և մինչև հանձնաժողովի նիստը տեղի չունենա և մենք վերջնարդյունքում չհասկանանք՝ ինչ է կատարվում, որևէ ականապատման, ականազերծման աշխատանքներ չեն կատարվելու։
Բայց իրականությունն այն է, որ այսօր ամբողջ օրը Ոսկեպարի հատվածում պարբերաբար ականազերծման աշխատանքներ են կատարվել, ժողովուրդն ընդվզեց, այնտեղ ոստիկանական ստորաբաժանումներ էին տարել։ Ամեն կերպ մարդկանց փորձում են համոզել, թե այս պահին ինչ-որ լուրջ գործընթացներ չեն գնում, բայց ակնհայտ է, որ խաբում էին։ Օրվա ընթացքում Բագրատ Սրբազանը եկավ, ու մենք միասին երկար բանակցություններից հետո մուտք գործեցինք եկեղեցի»,- մանրամասնել է Գառնիկ Դանիելյանը։
Նրա փոխանցմամբ՝ տավուշցիներին սպառնալով, մանիպուլացնելով փորձում են լռեցնել։
«Իշխանութունները մի կողմից ասում են, թե բանակցում են, մյուս կողմից՝ այսպես ասած, իրենց գործն են անում։ Բացի այդ, սադրիչ խմբերով փորձում են նաև մարդկանց ահաբեկել ու սպառնալ։ Գյուղացին փորձում է բողոքի իր ձայնը բարձրացնել, բայց լռեցնում են։ Մենք շատ ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, թույլ չենք տալու, որ իշխանությունները կարողանան իրենց բիրտ միջոցներով, սպառնալիքներով վախի մթնոլորտ ստեղծել։ Այս պահին այստեղ գտնվում են հարյուրավոր քաղաքացիներ, որոնք եկել են և պահանջատեր են, թույլ չեն տալու, որպեսզի այս գործընթացը տեղի ունենա, քանի որ մի պարզ պատճառ կա․ եթե դա տեղի ունենա, գյուղը կորցնելու է իր կենսունակությունը, մարդիկ չեն կարողանալու այստեղ ապրել, գյուղը սկուտեղի վրա մատուցելու են ադրբեջանցիներին»,- ընդգծել է մեր զրուցակիցը։
Պատգամավորն ահազանգում է՝ սա ոչ միայն Տավուշի ու տավուշցիների խնդիրն է, այլ նաև ամբողջ հայության։
«Սա ոչ թե այս գյուղի խնդիրն է, նաև ամբողջ Հայաստանի Հանրապետության խնդիրն է։ Ականազերծման աշխատանքներով՝ թշնամուն հրավիրում են մեր սահմաններ, ականապատման աշխատանքները կատարվել են միմիայն նրա համար, որ թշնամու դիվերսիոն խմբերը չներթափանցեն։ Այստեղ ամեն արահետ ականապատված է եղել ժամանակին ու դա ունեցել է անվտանգային շատ մեծ նշանակություն։ Դրա արդյունքում է, որ այստեղ կանխվել են դիվերսիոն բազմաթիվ հարձակումներ, սպանության դեպքեր, անասնագողություն։ Այսօր իշխանությունները Հայաստանի հյուսիս-արևելյան դարպասները բացում են թշնամու առաջ՝ նրանց հրավիրելով Տավուշի մարզ»,- ասել է Դանիելյանը։
Պատգամավորն այս ամենը համարում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը ու հայտարարում է՝ վատ է լինելու իշխանության համար։
«Ամբողջ առաջնագիծը քանդելով՝ ապօրինաբար, սրիկայաբար, իրենց մանիպուլյացիաներով, խաբկանքներով, փորձում են մարդկանց մոլորեցնել, թեպետ արդեն մոլորյալ մարդիկ գրեթե չկան, իշխանությունները շարունակում են իրենց կործանարար ընթացքը։ Բայց արդեն չորրորդ օրն է՝ ձախողվում են, տավուշցիները միջպետական ճանապարհը քանի օր է փակ են պահում։ Այս գործընթացը շարունակվելու է, մենք գնալով ավելի ենք շատանալու։ Եթե փորձեն այս մարդկանց պահանջները չբավարարեն, իրենց համար շատ ավելի վատ է լինելու։ Սա լինելու է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը»,- եզրափակել է Գառնիկ Դանիելյանը։