Այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է․ Բագրատ Սրբազան

10 Մայիսի 2024, 20:25

Քաղաքականություն

Այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է։ Հանրապետության հրապարակում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, որ գլխավորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

«Ինձ համար բոլոր նրանք, ովքեր մեր նպատակին ծառայելուն կոչված են, հայկական օրակարգին ծառայելուն կոչված են, կոչված են, որ Եռագույնը հաղթի սև ու սպիտակին, hոգևոր Հայաստանը հաղթի նոր Հայաստանին, այդ մարդիկ ոչ միայն ընդունելի են, այլև քաջալերելի և գովելի են։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ծախու գրչակներ են, ովքեր ամեն ինչի ընդունակ են՝ մարդկանց վիրավորելու, սևացնելու, պախարակելու՝ անպատասխանատու ձևով ինչ ասես ասելու, նրանք ուղղակի որպես գոյացություններ՝ կվերանան մեր կյանքից մի օր»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա նաև հայտարարեց՝ ժողովրդի պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է․

«Ես երեկ ձեր զգացումները, մտածումները, ձեր ձգտումը, ձեզանից քաղելով պարզապես բանաձևեցի՝ ձեր ձայնը դառնալով, հռչակելով այն պահանջը, որ ներկա կառավարության ղեկավարը պետք է հրաժարվի, դա ձե՛ր պահանջն է եղել։ Մեզ ասում են՝ անհաղթահարելի պահանջ եք դրել , ոչ՛։ Մենք նշաձող ենք սահմանել, այս ժողովրդի ցանկությունն ու պահանջն է դա։ Հայաստան աշխարհում հստակ պիտի լինի, որ այս կառավարության ղեկավարը այլևս անընդունելի է»,- նշեց Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում մեկնարկել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Իսկ այսօր առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ են սկսել դեպի տարբեր բուհեր։ Բազմաթիվ ուսանողներ ևս միացել են շարժմանը։

Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Նա նաև հայտնել է, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։