Այս վտանգավոր շրջապտույտը պետք է կանգ առնի․ Եվրոպական հանրությունը չի կարող մնալ լոկ հանդիսատեսի դերում․ Կարապետյան

02 Հոկտեմբերի 2026, 14:30

Քաղաքականություն

Այսօր ես ցանկանում էի խոսել առողջապահական հարցերի շուրջ, սակայն տեղի է ունեցել մի ցնցող իրադարձություն, և ես պարտավոր եմ խոսել հենց դրա մասին։ Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանում տեղի ունեցավ սարսափելի մի դեպք՝ մի երկրում, որը վերջին տարիներին արել է հնարավոր ամեն ինչ՝ իր բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու համար։ Այս մասին ԵԽԽՎ նիստում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Զինված ադրբեջանցին ներթափանցել է Հայաստանի տարածք, ներխուժել սյունեցու տուն և երեք երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա։ Վերջին շրջանում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ հարևան երկրի զինվորներն ուղղակիորեն հարձակվում են հայ խաղաղ բնակիչների վրա։ Գիտե՞ք, թե ինչու են այդ զինվորներն իրենց այդքան վստահ զգում՝ անպատժելիության պատճառով։ Միջազգային դատարաններն ու կառույցները, որոնք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների համար պատասխանատուների դեմ, բացարձակապես ոչինչ չարեցին»,- հայտարարել է նա։

Կարապետյանը նաև հիշեցրել է, որ Հունգարիայում, ադրբեջանցի զինվորը ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ կացնով սպանել էր քնած հայ սպային, սակայն նրան արտահանձնել էին Ադրբեջանին։

«Մարդասպանն Ադրբեջանում անգամ մեկ օր չանցկացրեց բանտում։ Փոխարենը՝ Ադրբեջանի նախագահը նրան ընդունեց մեծ շուքով, շնորհեց ազգային հերոսի կոչում և թույլ տվեց ազատորեն շրջել Բաքվի փողոցներով։ Նրան արտահանձնելով՝ ԵՄ անդամ պետությունն ակամայից կանաչ լույս վառեց նման վտանգավոր վարքագծի համար, որպես հետևանք՝ երեկ նույնը կրկնվեց։ Այս վտանգավոր շրջապտույտը պետք է կանգ առնի։ Եվրոպական հանրությունը չի կարող մնալ լոկ հանդիսատեսի դերում։ Բռնություն իրագործողներին երբեք չի կարելի փառաբանել։ Հայ խաղաղ բնակիչների կյանքն առաջնային նշանակություն ունի։ Ո՛չ արտահանձնմանը, եթե արդարադատությունը երաշխավորված չէ։ Այո՛ միջազգային արդարադատությանը»,- ասել է նա։

Հիմա եթերում